Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն մուծե՞լ է

Ապրիլ 15,2010 00:00

Բնակիչը համոզված է, որ իր լույսը գողանում են

«Տանս լույսը մոտ 2 ամիս անջատած է եղել, սակայն էլեկտրիկը շարունակում էր ինձ ներկայացնել իբրեւ թե ծախսածս էլեկտրաէներգիայի վարձավճարները: Արդեն 3 տարի է՝ այդպես էլ չենք կարողանում ապացուցել, որ այդ կիլովատները ես չեմ օգտագործել»,- «Առավոտին» այսպիսի բողոքով է դիմել Մասիսի շրջանի Գետափնյա գյուղի բնակիչ Սվետլանա Շարբաթյանը՝ ասելով, որ իրենց գյուղի «Հայէլցանցերի» աշխատակիցները կեղծ ցուցմունքներ են ներկայացնում ու բնակիչներից պահանջում վճարել դրանց համապատասխան: Արդյունքում՝ կինը մոտ 40 հազար դրամի էլեկտրաէներգիայի պարտք ունի, սակայն, իր խոսքերով՝ «ես անգամ ամենածանրաբեռնված ամիսներին այդքան գումարի էլեկտրաէներգիա չեմ օգտագործել»: Ս. Շարբաթյանի ներկայացմամբ, երբ ինքը սկսել է դժգոհել, իրենց տարածքը սպասարկող էլեկտրական ցանցերի տեսուչն առաջարկել է տան լույսերն անջատել ու գիշեր-ցերեկ հետեւել էլեկտրաէներգիայի հաշվիչի աշխատանքին. «Մենք խորին երախտագիտությամբ ընդունեցինք այդ առաջարկը եւ որոշեցինք ամուսիններով «սմենի» կանգնել: Ամուսինս մեծահոգաբար ցերեկը զիջեց ինձ, իսկ գիշերն ինքը կանգնեց: Մենք հայտնաբերեցինք, որ մեր հաշվիչը պտույտներ է կատարում, երբ էլեկտրիկին ասացինք այդ մասին, նա մեր տուն հրավիրեց Մասիսի շրջանի էլեկտրական ցանցերի մի մեծ խումբ՝ իբրեւ թե ստուգելու, թե ով է մեր տնից լույս գողանում, սակայն նրանք «անճարակ» գտնվեցին, եւ հոսանքի կետը մնաց չբացահայտված: Առաջարկեցին վճարել «սպառածս» էլեկտրաէներգիայի վարձավճարի գոնե կեսը, ես համաձայնեցի, թեեւ ամուսինս արդեն ծանր հիվանդ էր՝ անկողնուն գամված ու վիրահատությունից հետո տեսողությունն ու լսողությունը կորցրած»: Այս ստուգումից հետո եւս մեկ հանձնախումբ է գնացել Ս. Շարբաթյանի բնակարան ու այս անգամ նրան ստիպել վճարել ոչ թե պարտքի կեսը, այլ ամբողջ գումարը: «Ես պարտավորվեցի 6 ամսում այդ գումարը վճարել, գումարած դրան նաեւ 5 հազար դրամ՝ «Մերկուրի» տիպի հաշվիչ տեղադրելու համար: Ինձ համար մեծ դժվարություն էր ամուսնուս համար մեծ քանակությամբ դեղեր գնելը, առանց այդ էլ խնայողությամբ էի օգտագործում էլեկտրաէներգիան, որպեսզի կարողանամ ծայրը ծայրին հասցնել»,- դժգոհեց կինը:
Հիմա նա այդ գումարն արդեն վճարել է, սակայն դարձյալ կասկածներ ունի, որ իրենից էլեկտրաէներգիա են գողանում. «Բնակարանս գազիֆիկացված է, ես քիչ եմ լույս օգտագործում, բացի այդ, մենակ եմ ապրում, ամուսինս արդեն մահացել է, սակայն, միեւնույն է՝ էլեկտրաէներգիայի վարձը շատ է գալիս»:
Այս առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք 2 անգամ ստուգել են քաղաքացու բնակարանի հոսանքի մալուխները եւ չի ապացուցվել, որ նրա տնից հոսանք են գողանում: Բացի այդ, նրանք հայտնեցին, որ Ս. Շարբաթյանը տեղադրել է «Մերկուրի» տիպի հաշվիչ, որի դեպքում անհնար են դառնում էլեկտրաէներգիայի գողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել