Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՏՉԵԼԻ ՏՈՒՆ՝ ԱՆՏՈՒՆՆԵՐԻՆ

Ապրիլ 15,2010 00:00

Վերջին տասնամյակի ընթացքում երկրում իրականացվող բնակարանային շինարարության աննախադեպ աճը լուծում չի տվել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային կարիքներին, որոնք հնարավորություն չունեն ձեռք բերելու բնակարան՝ ոչ միայն սեփական միջոցներով, այլեւ մատչելի հիփոթեքային վարկավորմամբ: Այդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նպատակով «Սոցիալական բնակարանային հիմնադրամը», «Հաբիտատ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը եւ «Հայաստանի համայնքների ասոցիացիան» նախաձեռնել են պիլոտային ծրագիր: Սոցիալական բնակարանները, որոնք ֆինանսավորվում եւ կառավարվում են շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից՝ ցածր եւ միջին եկամուտ ունեցողներին մատչելի բնակարան հատկացնելու համար, տրամադրվելու են վարձակալությամբ կամ կարող են գնվել բնակիչների կողմից՝ արտոնյալ պայմաններով: Ծրագիրը փորձարկվելու է Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Այս մարզերը ընտրվել են իրենց սուր բնակարանային խնդիրների առկայության պատճառով: «Հաբիտատ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Վանյանի խոսքերով՝ «Մեր երկրում, որտեղ բնակելի ֆոնդի 96%-ը սեփականաշնորհված է, թվում է, թե բնակարանային շուկան միանգամայն զարգացած է: Այդուհանդերձ, բնակարանների գներն այնքան բարձր են, որ սեփական բնակարան ունենալը մատչելի չէ ոչ միայն ցածր, այլեւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին: Շատ քիչ են այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում այդ ընտանիքներին պատշաճ եւ մատչելի բնակարանների հատկացմանը: Դրա պատճառը շուրջ 20 հազար ծայրահեղ խոցելի տնազուրկ ընտանիքների առկայությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել