Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԳԱԶՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ

Ապրիլ 15,2010 00:00

Երեկ «ՀայՌուսգազարդ» ընկերության մի խումբ աշխատակիցներ փորձել են Նոր Արեշի 14 փողոցի 98 տան գազի հաշվիչն ապամոնտաժել: Բնակիչը՝ ազատամարտիկ Ժորա Առաքելյանը, մի կերպ է կարողացել գազի գրասենյակի աշխատակիցներին համոզել, որ փողոցում իրեն խայտառակ չանեն ու գազի հաշվիչը չտանեն: Ազատամարտիկը նախորդ տարվանից գազի դիմաց ընդամենը 15 հազար դրամի պարտք ունի, որը չի կարողանում մարել: Ժ. Առաքելյանի խոսքերով՝ «Նախկին գազի տեսուչը զիջողությունների էր գնում, հասկանում էր, որ ձեռքս ճար չկա, բայց  տեսուչը փոխվեց ու գրասենյակից արդեն պահանջում են կա՛մ վճարել, կա՛մ դատարանի միջոցով այդ հարցը կլուծեն: Ես հիմա պարտաճանաչ մուծում եմ ամեն ամսվա պարտքը, բայց քանի որ չեմ աշխատում՝ միայն կենսաթոշակի հաշվին չեմ կարողանում հասցնել պարտքն էլ մարել»: 88-94 թվականներին Ժորա Առաքելյանը հայրենիքի սահմանների պաշտպանության համար կռվել է Երասխավանում, Նոյեմբերյանում, Լաչինում, Քելբաջարում, 6-7 մեդալ ունի, եւ հիմա ընդամենը 15 հազար դրամի համար այդ ազատամարտիկին գազից զրկում են: Նա որեւէ պաշտոնյայի, որեւէ մարմնի չի դիմել՝ այդ պարտքը չեզոքացնելու համար, որովհետեւ պատիվը թույլ չի տալիս: Երբ «ՀայՌուսգազարդից» ազատամարտիկի անունից խնդրեցինք մի փոքր զիջումների գնալ եւ 15 հազար դրամի համար այդ բնակչի գազը չանջատել կամ դատարան չդիմել՝ ընկերությունից պարզաբանեցին, որ իրենք օրական այնքան հաշմանդամներից ու կարիքավորներից նման խնդրանքներ են ստանում, որ եթե բոլորի դեբիտորական պարտքերը մարեն՝ շուտով կդառնան սոցապ նախարարություն: Այնուամենայնիվ, «ՀայՌուսգազարդից» առաջարկեցին, որ ազատամարտիկը նամակով դիմի իրենց՝ հնարավոր է կարողանան ինչ-որ հարցով օգնել: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել