Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԱՄԵՆ ԱՄԻՍ, ԱՅԼ՝ «ԱՄԵՆ ԱՄԻՍ»

Ապրիլ 15,2010 00:00

«Օրանժի» բաժանորդները, ըստ ընկերության, իրենց sms-ը սխալ են հասկացել

Բջջային կապի երրորդ օպերատորը՝ «Օրանժը», իր բաժանորդներին պարբերաբար sms-ների միջոցով տեղեկացնում է այս կամ այն ակցիայի, անվճար րոպեների, անվճար ծառայությունների մասին: Հերթական մի sms-ի միջոցով ընկերությունն այսպիսի բովանդակությամբ տեղեկատվություն է ուղարկել իր բոլոր բաժանորդներին. «Orange ամեն ամսի հետ կզանգահարեք ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր 35 դրամ/րոպե սակագնով եւ ամեն ամիս կստանաք 1000 եւ ավելի անվճար րոպեներ «Օրանժի» ցանցում»: Այս հաղորդագրությունը մոլորություն է առաջացրել բաժանորդների շրջանում: Շատ բաժանորդներ, կարծելով, որ ամեն ամիս 1000 րոպե ունեն «Օրանժի» այլ բաժանորդների հետ անվճար խոսելու համար՝ «անկապ» զանգեր են կատարել, ժամերով խոսել ու վերջում պարզել են, որ հաշվի վրա այլեւս փող չունեն: Պարզվում է՝ այդ 1000 անվճար րոպեները վերաբերում են ոչ բոլոր բաժանորդներին՝ միայն նրանց, ովքեր հետվճարային կամ, այսպես ասած՝ «sim» քարտեր ունեն: Երբ կանխավճարային բաժանորդները, հայտնաբերելով, որ խաբված են եւ իբրեւ թե անվճար զանգերի համար իրենց հաշվից գումարներ են պակասում, դիմել են ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցներին՝ պարզելու, թե ինչու են իրենց մոլորեցրել եւ սուտ sms-ներ ուղարկել՝ վերջիններս պատասխանել են. «Մենք պարզապես ուզում էինք տեղեկացնել, որ եթե դառնաք մեր հետվճարային քարտերի բաժանորդ՝ նման առավելություններ կունենաք»:
Բաժանորդների համոզմամբ՝ բջջային կապի օպերատորը չէր կարող շփոթվել եւ հաղորդագրության տեքստն այնպես կառուցել, որ իրենք նման խնդրի առաջ կանգնեին: «Եթե այդ հաղորդագրությունն ուղղված էր հետվճարային քարտի բաժանորդներին՝ թող նրանց էլ ուղարկեին, ինչո՞ւ են ինձ ուղարկում անվճար րոպեների մասին լուր, եթե դա ինձ չի վերաբերում: Մենք կարծում ենք, որ սա պատահական բան չէ, ընկերությունն այդ խորամանկ ճանապարհով ուզում է հավելյալ գումար աշխատել ու միամիտների համար թակարդ լարել: Ով կկռահի, որ 1000 անվճար րոպեներն իրեն չեն վերաբերում՝ թող չխոսի, իսկ ով էլ չի հասկանա՝ արդեն իրենց օգուտն է»:
Այս առնչությամբ «Օրանժից» «Առավոտին» պարզաբանեցին, որ, իսկապես, այդ sms հաղորդագրությունից հետո շատ բաժանորդներ զանգել են ընկերություն եւ ճշտումներ են արել. «Չեմ կարող ասել, որ դա խուճապ է, պարզապես որոշ բաժանորդներ սխալ են հասկացել, զանգել- ճշտել են, եւ խնդիրը կարգավորվել է»:
Բանն այն է, որ «Օրանժը» սակագնային պլաններում ունի հենց «Ամեն ամիս» կոչվող ծառայություն, ու ասելով ամեն ամիս՝ նկատի են ունեցել այդ ծառայությունից օգտվողներին: Ընկերության պարզաբանման համաձայն՝ «Ապրիլի 1-ից Orange-ը նշանակալի փոփոխություն կատարեց իր «Ամեն ամիս» ծառայության սակագնային պլաններում եւ այժմ Հայաստանի այլ բջջային եւ ֆիքսված ցանցեր «Ամեն ամիս» ծառայության բաժանորդները զանգում են 35 դրամ/րոպե միակ սակագնով՝ նախկին 50/40/35 դրամ/րոպե աստիճանավորված սակագների փոխարեն, միաժամանակ բոլոր սակագնային պլանները ներառում են 1000-ից 1500 անվճար րոպե՝ ցանցի ներսում զրուցելու համար: Այս մասին ընկերությունը  կարճ հաղորդագրությամբ տեղեկացրել է իր բոլոր բաժանորդներին՝ ներառյալ կանխավճարային համակարգի բաժանորդները՝ հայտնելով, որ նշված առավելություններից կարող են օգտվել, եթե անցում կատարեն «Ամեն ամիս» ծառայությանը: Հավանաբար «Առավոտի» խմբագրություն դիմած բաժանորդները ուշադիր չեն եղել հաղորդագրության բովանդակությանը եւ կարծել են, թե արդեն իսկ կարող են օգտվել այդ առավելություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել