Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2009-ը ՏՏ ոլորտի համար բեկումային էր»

Ապրիլ 15,2010 00:00

Չնայած դժգոհություններին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կառավարության համապատասխան քայլերն իրենց արդյունքն ունեցել են:

«Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է այն, որ ձեզ հետ պետք է ձեւավորենք ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլեւ գիտելիքի վրա հիմնված հասարակություն: ՏՏ ոլորտը հենց այն ոլորտն է, որ կարող է մեր հասարակության մտածողության մեջ այդ արմատական փոփոխությունն ի կատար ածել: 2009 թվականի ցուցանիշները վկայում են, որ այս ոլորտն ունի մեծ ապագա, պոտենցիալ, եւ դա լինելու է մեր հարաբերական առավելությունը»,- երեկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 10-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ չնայած դժգոհություններին, թե ռեֆորմները դանդաղ են ընթանում, 2009 թվականը Հայաստանի ՏՏ ոլորտի համար բեկումային էր, որովհետեւ, չնայած հանրապետությունում գրանցված համախառն ներքին արդյունքի անկման, ՏՏ ոլորտում 17 տոկոս աննախադեպ աճ է գրանցվել, ավելացել են ոլորտում աշխատող ձեռնարկությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, սպառողները եւ այլն: Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող The Global Information Technology Report 2009-2010-ում Հայաստանը 133 երկրների շարքում 101-րդն է եւ համեմատվում է Մավրիտանիայի ու Գայանայի հետ: Նույն զեկույցի տվյալներով, Հայաստանը բավական հետ է նաեւ մեր հարեւաններից. Ադրբեջանը զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 69-րդը, իսկ Վրաստանը՝ 93-րդը: Վարչապետ Սարգսյանը ՏՏ ոլորտի բեկումային աճը պայմանավորեց նաեւ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Նա նշեց, որ ՏՏ ոլորտն արագ տեմպերով զարգացնելու համար դեռեւս 6 տարի առաջ ՀՀ կառավարությունը այն գերակա ուղղություն է համարել, եւ իրենց կողմից իրականացված ծրագրերն արդեն դրական արդյունքներ են արձանագրել, այդ պատճառով ինտերնետն ավելի հասանելի է դարձել քաղաքացիների համար. «Մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար»-ը համարում եմ հենքային ծրագիր: Եթե մենք ցանկացած ընտանիքի ապահովենք համակարգչով, դա կփոխի այդ ընտանիքի մտածողությունը, որովհետեւ ինտերնետի միջոցով մարդը կարողանում է օգտվել տասնյակ մատուցվող ծառայություններից: Ինտերնետի հասանելիության առումով այս ոլորտում կան լուրջ ներդրումներ, շուկա մուտք գործեց 3-րդ ընկերությունը (նկատի ունի GNC-Alfa-ն- Լ. Խ.), որով պայմանավորված՝ առաջարկվող ծառայությունների փաթեթները կլինեն ավելի բովանդակային, որակյալ, եւ գները նույնպես կիջնեն: Սպասում ենք, որ 2010-ին էլ ինտերնետի գների կտրուկ նվազում տեղի կունենա»:
 Տ. Սարգսյանը գովեց նաեւ «Արմթեքը» եւ հույս հայտնեց, որ այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար կածվեն, Հայաստանը մշտական ներկայացուցչություն կունենա Սան-Հոսեում. «Դա կներկայացնի հայկական ընկերությունների շահերը, որն էլ հնարավորություն կտա մի կողմից՝ մեր պատրաստած ապրանքը իրացնել Սիլիկոնային հովտում, մյուս կողմից՝ կապահովվի ՏՏ-ի՝ համաշխարհային այդ կենտրոնի հետ Հայաստանի կապը»: Վարչապետն անդրադարձավ նաեւ վերջերս հաճախ քննարկվող երկակի նշանակության ապրանքների հետ կապված օրենսդրական դաշտի կարգավորման խնդրին: Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ ասաց, որ գոնե ՏՏ-ի բնագավառում Հայաստանի նշաձողը չպետք է իջնի, եւ տարածաշրջանում մեր երկիրը լինի ՏՏ ոլորտի գերակա երկիր: Նշենք, որ երեկ կայացած ընտրությամբ ԻՏՁՄ-ի նախագահ է վերընտրվել Հովհաննես Ավոյանը, իսկ միության վարչության անդամների թիվն ավելացել է 2-ով՝ նախկինում գործող 6-ի փոխարեն դառնալով 8:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել