Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՑԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Ապրիլ 15,2010 00:00

\"\" Ըստ գյուղապետերի՝ պատճառը գյուղնախարարության անփութությունն է

Չորս ամիս է՝ Շիրակի մարզի անասնաբույժները զրկված են աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Գյուղապետերի պարզաբանելով՝ պատճառն այն է, որ գյուղապետարանների ու գյուղնախարարության միջեւ կնքվող երկկողմ պայմանագիրը նախարարության կողմից վավերացվել է ուշացումով, մարտի վերջերին: Բանն այն է, որ գյուղերում անասնաբույժի մշտական հաստիք չի գործում, վերջիններիս հետ պայմանագիր են կնքում մեկ տարով, այսինքն՝ ամեն տարվա դեկտեմբերի 31-ին գյուղի անասնաբույժն ազատվում է աշխատանքից՝ նոր տարում նոր պայմանագիր կնքելու ակնկալիքով: Իսկ գյուղապետերը անասնաբույժ պահելու թույլտվություն ստանալու համար ամեն տարվա հունվարին հայտ են ներկայացնում գյուղնախարարություն՝ հիմնավորելով, թե ինչո՞ւ է գյուղին անհրաժեշտ այդ հաստիքը: Շիրակցի գյուղապետերի դժգոհելով, իրենք հայտը ներկայացրել են ճիշտ ժամանակին՝ հունվարի 10-ին, սակայն գյուղնախարարությունն այն վավերացրել է մարտի վերջերին, որի պատճառով էլ գյուղի անասնաբույժները աշխատավարձ չեն ստացել: «Բացարձակ հաշվի չեն առնում, որ անասնաբույժի աշխատանքը ամենածանրն է, գիշեր-ցերեկ վազում է, անհրաժեշտության դեպքում գիշերը չի քնում, էդ մարդը էս տարվա հունվարից սկսած՝ իր գործը պարտաճանաչորեն կատարել է, գյուղի անասուններին հաշվառել է, տնային այցեր է կազմակերպել, վակցինաները ներարկել է: Ո՞վ պիտի տա էս մարդու ծախսերը, չորրորդ ամիսն է՝ աշխատավարձը չեն փոխանցում, տվածներն էլ մի բան լինի, ասենք՝ ապրեք: Չգիտես ինչու՝ որոշեցին, որ անասնաբույժին տրվող գումարը շատ է, ու համատարած 5000-ով նրանց աշխատավարձը կրճատեցին: Անցած տարի 60000 էր, հիմա դարձրին 55000: Բայց շնորհք է պետք, գոնե ժամանակին տվեք, մարդիկ սովի չմատնվեն: Նաեւ լսել եմ, որ գյուղնախարարությունը սկսել է պատճառաբանել, թե որոշ գյուղերում անասնաբույժի հաստիքը ձեւական է, համապատասխան կրթություն չունեցող մարդիկ են աշխատում, բայց մեր մեղքն այստեղ ո՞րն է, ես երբեւէ ոչ մեկին չեմ խաբել, իմ անասնաբույժի տվյալներն իրական են, բարձրագույն կրթությամբ անձնավորություն է, ուզում են՝ թող ստուգումներ անցկացնեն, ի՞նչ խնդիր կա»,- մեզ հետ զրույցում վրդովվեց գյուղապետերից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը, գյուղնախարարության հետ ավելորդ պատմության մեջ չգցել: Իսկ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը փոխանցեց, որ պայմանագրերը արդեն իսկ վավերացվել ու տեղ են հասել, հիմա սպասում են, որ գանձապետարանում փոխանցեն գումարները: «Միգուցե եւ փոխանցված է, երկու օր է՝ գանձապետարան չեմ հանդիպել»,- ասաց գյուղապետը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ինքը առաջարկ է ներկայացրել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին՝ անասնաբույժի հաստիքը մշտական դարձնելու համար: «Գյուղացիների միակ ապրուստը առողջ անասուններն են, անասնաբույժին անհրաժեշտ է ճիշտ ժամանակին վճարել. եթե հաստիքը մշտական դառնա, պետությունը ինչ որ հատկացրեց՝ հատկացրեց, մնացածն էլ կարելի է համայնքային բյուջեից վճարել: Եթե վարելահողի համար գյուղատնտեսի հաստիք հասնում է, էդքան գլխաքանակի համար անասնաբույժ չի՞ հասնում»,- ասաց գյուղապետը: Ի վերջո, փոխանցվա՞ծ են անասնաբույժներին հասանելիք գումարները, թե՞ ոչ, այս հարցը պարզաբանելու նպատակով դիմեցինք Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանին:
Պաշտոնյան հավաստիացրեց, որ որոշ համայնքների փողերն արդեն իսկ փոխանցված են, նստել են հաշվեկշռին: Իսկ թե ինչո՞ւ են այսքան ձգձգում գյուղերի համար մեծ կարեւորություն ներկայացնող աշխատակիցների վճարումը, պարոն Մանուկյանը այսպես պարզաբանեց. «Նախկինում եռակողմ պայմանագիր էր կնքվում, այսինքն՝ գյուղապետարանների, անասնաբուժական տեսչությունների եւ գյուղնախարարության միջեւ, այս տարվանից սկսած՝ պայմանագրի ձեւը փոխվել է, դարձել է երկկողմ, գյուղապետարաններն են պայմանագիր կնքում նախարարության հետ: Ըստ երեւույթին, նոր կարգի անցնելը եւս իր ազդեցությունն ունեցավ այս գործում, բացի այդ, հանրապետության մակարդակով վակցինացիայի ուշացման խնդիր եղավ, սա եւս ազդեց: Բայց մի փաստ էլ շեշտեմ. անասնաբույժներին սովորաբար աշխատավարձ են տվել եռամսյակը մեկ, եթե նրանք պետք է մարտին ստանային աշխատավարձ, այս անգամ կստանան ապրիլին, այնպես որ՝ շատ չի ուշացել: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին՝ փողը կա, թե՝ չէ, ասեմ, որ հարյուր տոկոսով կա, փողերը փոխանցված եղել են, պարզապես չեն տրվել գործընթացի ուշացման պատճառով: Վստահեցնում եմ, որ կան համայնքներ, որոնց հաշվին գումարն արդեն նստել է, մնացածներն էլ հաստատ կստանան»:
Ի դեպ, անցած ուրբաթ տեղի ունեցած մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ այս հարցը վրդովեցրել էր նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Վերջինս այնպես շշպռեց Շիրակի մարզի սննդի անվտանգության տեսչության պատասխանատու Անուշ Մնացականյանին, որ տիկինը նստած տեղում կարմրեց: «Ի՞նչ է նշանակում, մինչեւ մարտի վերջ անասնաբույժների պայմանագրերը չեն ստորագրվել, աշխատավարձերը չեն ստացել, եռակողմ պայմանագրեր պետք է կնքվեին, ինչո՞ւ գյուղապետերին ճիշտ ժամանակին չեք ներկայացնում գյուղնախարարությանը, ինչո՞ւ պիտի երեք հազար գլուխ անասուն ունեցող համայնքը դոտացիա չունենա, ինչո՞ւ պիտի հետին թվով կեղծ պայմանագիր ստորագրենք: Եվ հետո՝ ինչո՞ւ Հարթաշենին անասնաբույժի երկու հաստիք է նախատեսվել, կովերը սատկել են՝ դրա համա՞ր»,- զայրացավ մարզպետը:
Ի պատասխան՝ Անուշ Մնացականյանը տեղեկացրեց, որ իր կառույցը այլեւս միջնորդ չի հանդիսանում, եւ պայմանագրերը կնքվում են գյուղապետերի ու գյուղնախարարության միջեւ: «Բա ինչո՞ւ եք եկել»,- շարունակեց մարզպետը: «Եկել ենք, որ հարցը բարձրացնենք»,- իր կառույցին վերագրվող անգործությունը այսպես արդարացրեց սննդի անվտանգության տեսչության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել