Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մնացին իրենց դիրքերում

Ապրիլ 15,2010 00:00

Վաշինգտոնյան հանդիպումներն ամփոփում է Հրայր Կարապետյանը

\"\"

«Վաշինգտոնում տեղի է ունեցել այն, ինչ պիտի տեղի ունենար՝ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց դիրքորոշումները: Հայաստանը վերահաստատել է դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանի բացման իր խաղաղ մտադրությունները՝ դրանք չկապելով ղարաբաղյան հարցի հետ: Իսկ Թուրքիան հերթական անգամ փաստել է, որ սահմանները կբացվեն ու դիվանագիտական կապեր կհաստատվեն միայն միջազգային ատյաններում Ցեղասպանության ճանաչումը չհետապնդելու եւ Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծման դեպքում»,- հայտարարելով, որ Դաշնակցությունը ողջունում է Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ, երեկ մամուլի ասուլիսում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը:
Ըստ պարոն Կարապետյանի. «Թուրքական դիվանագիտությունը խորամանկ դիվանագիտություն է, եւ կարծում եմ՝ առնվազն դաշնակցականները դրա մասին շատ լավ գիտեն: Իրենք ասում են, որ կապ չունի, որովհետեւ չեն կարող ասել, որ կապ ունի: Սա միջազգային հարաբերություններում ընդունված բան չէ, երբ որ երկու երկրների հարաբերությունները պայմանավորում են երրորդ երկրով: Դրա համար իրենք դիմում են խորամանկության, ասում են՝ մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, տարածաշրջանում չի կարող լինել կայունություն: Սա նույնպես նախապայմանի ներկայացում է, բայց մի քիչ ավելի խորամանկ ձեւով»:
Դաշնակցությունը չի պատրաստվում ետ վերադառնալ կոալիցիա. «Մենք այսօր չենք պատրաստվում իշխանության մաս լինել, մենք եղել եւ մնում ենք ընդդիմադիր դիրքերում, քանի որ դեռ բավականին դժգոհություններ ունենք երկրի ներքին կյանքում եղած խնդիրներից»: Իսկ ԱԳ նախարարից իր դժգոհության մեջ ՀՅԴ-ն շարունակում է հաստատակամ լինել, ինչպես երեկ ասաց Հրայր Կարապետյանը՝ նաեւ այն պատճառով, որ «նախարարը լռելյայն եւ սպասողական վիճակում է եւ քայլեր է ձեռնարկում միայն ՀՀ նախագահի ասելուց հետո: Մինչդեռ ինքը պետք է լինի նախաձեռնող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել