Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ կառավարությունը փորձում է ստեղծել «մեկ օլիգարխի տնտեսություն»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք նա կիսո՞ւմ է վարչապետի այն գնահատականը, որ 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ, որը 2,5 անգամ գերազանցել է կառավարության սպասելիքները: Անդրանիկ Թեւանյանը նախ հիշեցրեց, որ երբ ձեւավորվում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը, նշվում էր, որ տարեկան նվազագույն ՀՆԱ-ի աճը լինելու է 9,2 տոկոսի շրջանակներում, մինչդեռ 2009-ը ամփոփվեց մինուս 14,4 տոկոսով, փաստացի՝ շուրջ 30 տոկոսով, որովհետեւ տեղի ունեցավ նաեւ դրամի արժեզրկում. «Դրանից հետո կառավարությունը իր ծրագիրը չի փոխել, եւ եթե հիմա իրենք ասեն, որ իրենց ծրագրերը չիրականացան, որովհետեւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեց, ես ստիպված եմ հիշեցնել վարչապետի մեկ այլ միտքը՝ նա ասաց, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը: Հիմա տեսնում են, որ իրենց կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը հանգեցրեց այս վիճակին, սակայն անընդհատ հղում են անում միջազգային ճգնաժամին՝ դա դարձնելով իրենց համար փրկօղակ: Սրանից հետո հարկ կա հիշեցնել կառավարության մյուս ծրագրերի մասին եւ հարցնել, թե ո՞ւր մնացին միջազգային այն կենտրոնները, որոնք խոստացվել էին նույն այդ ծրագրով»:
Անդրանիկ Թեւանյանը հիշեցրեց, որ ժամանակին կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանում ինֆլյացիայի տեմպը լինելու է պլյուս-մինուս 4,5 տոկոս, մինչդեռ վիճակագրությունը այսօր ցույց է տալիս գրեթե երկնիշ ինֆլյացիա. «Այս պարագայում, երբ արձանագրվել է վիճակագրական աճ մոտ 3,1 տոկոս, իսկ ինֆլյացիան կազմել է ավելի քան 9 տոկոս, խոսել տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, տնտեսագիտորեն ճիշտ չէ, որովհետեւ տնտեսական ճգնաժամը իր մեջ մի քանի բաղադրիչներ է ներառում՝ գործազրկության մակարդակը, ինֆլյացիայի մակարդակը, ՀՆԱ-ի մակարդակը եւ աղքատության ցուցիչը: Այս բաղադրիչներից վարչապետը շեշտը դրել է միայն ՀՆԱ-ի աճի վրա՝ 3,1 տոկոս, բայց դա տնտեսագիտության մեջ հայտնի է որպես համախառն անվանական ներքին արդյունքի աճ, այսինքն՝ դրամական տեսքով ՀՆԱ-ն աճ է ցույց տալիս, բայց երբ մաքրում ենք ինֆլյացիան, ստացվում է, որ այդ աճը տեղի չի ունեցել, եւ այն գների աճը, որը մենք շարունակում ենք տեսնել եւ էներգակիրների մասով, եւ լայն սպառման ապրանքների մասով, նշանակում է, որ ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլեւ թեւակոխել է մի նոր փուլ, որն արտահայտվում է գների աճի տեսքով»:
Մեր զրուցակիցը պատասխանելով հարցին՝ համամի՞տ է վարչապետի այն հայտարարությանը, որ անցնող տարվա ընթացքում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, ասաց. «Իրոք, կառավարության ուշադրությունը եղել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը՝ այն առումով, որ այդ բիզնեսը հայտնվել է բավական ծանր իրավիճակում, եւ մենք դա տեսել ենք տարբեր ցույցերի, պիկետների, հանրահավաքների, գործադուլների եւ փակված ձեռնարկությունների տեսքով: Եթե վարչապետը դա նկատի ունի, ես կցանկանայի, որ կառավարությունը իր ուշադրությունը մի փոքր շեղի փոքր եւ միջին բիզնեսից: Եվ հավատացնում եմ, այդ դեպքում փոքր եւ միջին բիզնեսը համեմատաբար լավ պայմաններում կհայտնվի»: Վարչապետը նաեւ հայտարարել էր, որ այս տարվանից 16 տոկոսով բարձրացվել է կենսաթոշակների չափը, իսկ 13 տոկոսով՝ ընտանեկան նպաստները: Մեր զրուցակիցը այս տոկոսների մասին եւս ուներ իր կարծիքը: Ըստ այդմ, տոկոսներին հղում անելը նախկին խորհրդային ավանդույթ է, մինչդեռ բացարձակ թվերով խոսքը 15-25 հազար դրամի մասին է, որը, ըստ Անդրանիկ Թեւանյանի, էականորեն չի բարելավում թոշակառուի վիճակը, երբ ապրանքները թանկանում են. «Այնպես որ, սա չի նշանակում իրական սպառողական մակարդակի բարձրացում, քանի որ այդ ամենը չափվում է շուկայում տիրող գներով»: Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ այսօր կառավարությունը հայտնվել է «մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելու շրջանի մեջ, իսկ դրա համար իրենց անհրաժեշտ է շատ փող: Մի կողմից՝ իրենք ուզում են դա հավաքել խոշոր բիզնեսից, բայց քանի որ հավաքելու տեխնոլոգիան անհասկանալի է խոշորի համար, եւ իրենք էլ դա չեն կարողանում իրականացնել, արդյունքում այդ գումարը իրենք պետք է բերեն պարտքի միջոցով: Այսինքն՝ այս ռեժիմին անընդհատ փող է անհրաժեշտ, եւ գտնվող փողով իրենք ծածկում են ընթացիկ անցքերը, բայց տնտեսությունը դրանից չի շահում: Արդյունքում հիմնական նպատակը դառնում է բյուջե փող հավաքելը, բայց այսօր չկա այդ բյուջեի թափանցիկությունը: Դատելով իրենց քայլերից՝ իրենք ուզում են մեկ օլիգարխի տնտեսություն կառուցել, որը մոտավորապես հիշեցնում է բոլշեւիկների քայլերը, երբ հայտարարում էին, թե կուլակաթափ են անելու, գործարանը տալու են բանվորին, հողն էլ՝ գյուղացուն, բայց արդյունքում մենք գիտենք, որ այդպիսի բան չեղավ, ընդհակառակը՝ այդ բանվորի եւ գյուղացու կյանքն ավելի վատացավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել