Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍԱՑ

Ապրիլ 15,2010 00:00

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ասել է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են: Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաեւ հանրությունը»:
Որքանո՞վ է ԼՂ հարցը քննարկվել Էրդողանի հետ հանդիպմանը։ ՀՀ ԱԳ նախարարի մատուցմամբ՝ «Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, եւ պատասխանը եղել է այն, ինչ ասել ենք մինչ այժմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել ԼՂ խնդրի կարգավորման հետ: Չեմ կարծում, որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառները բացակայում են: Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ՝ ԼՂ հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ իհարկե՝ նաեւ պետք է նկատի ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաեւ եռանախագահող երկրների դիրքորոշումն է: Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: Մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, եւ նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը եւ հանգել ենք արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյոք մյուս կողմում կա՞ն այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել