Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարաբերությունները Սփյուռքի հետ չեն փչացնի

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Սա էր, ըստ Լարիսա Ալավերդյանի, ՀՀ նախագահի ելույթի գլխավոր «մեսիջը»

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ հնչեցրած ելույթը պատասխան էր թուրքական «Սաբահի» որոշ պնդումների այն մասին, որ Հայաստանի եւ հայկական Սփյուռքի միջեւ լուրջ անջրպետ կա. «Եթե թույլ կտաք՝ ասեմ. մենք ունենք դրսի ներս եւ ներսի ներս, եւ այդ հրապարակային ելույթները դրսի ներսի համար ունեն մեկ այլ համատեքստ, իսկ ներսի համար՝ այլ համատեքստ: Հուսով եմ, բոլորս հասկանում ենք, որ դրսի ներս ասելով ես նկատի ունեմ մեր հայկական Սփյուռքը: Մենք լսեցինք այնպիսի հայտարարություններ, որոնք կոչված են մեր Սփյուռքին բերել այն համոզման, որ երկրի գործող նախագահը եւ իշխանությունները տրամադրված չեն հարաբերությունները փչացնել Սփյուռքի հետ: Ես շատ կարեւորում եմ այդպիսի հրապարակային ելույթները»: Ըստ տիկին Ալավերդյանի, «վերին աստիճանի ավելորդ եւ անտեղի են հայ-թուրքական արձանագրությունների այն կետերը, որոնք վերաբերում են սահմաններին, եւ որոնք կարծես միացյալ լռությամբ եւ համաձայնությամբ ընդունել են երկու կողմերն էլ:
«Ժառանգություն» խմբակցությունը չի ընդունում արձանագրությունների այդ կետերը եւ դրանց հետ շաղկապված մի քանի այլ կետեր եւս: Մենք մնում ենք նույն կարծիքին, որ այս տեսքով այս արձանագրությունները, ինչքան էլ շաղախված լինեն գեղեցիկ եւ շատ անգամ՝ տեղին հրապարակային ելույթներով, մեկ է՝ պետք է չվավերացվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից»:
Լարիսա Ալավերդյանը ապրիլի 12-ին տեղի ունեցած ամերիկյան հանդիպումների մասին ասաց, որ դրանց արդյունավետությունը իր համար կասկածելի է. «Ես մի անգամ արդեն ասել եմ, որ բոլոր հարցերը լուծվում են մինչ հանդիպումները, իսկ մինչ հանդիպումները, հակառակ սպասումների, ոչ մի բան չի լուծվել, ընդհակառակը՝ հստակեցվել են այն հարցերը եւ այն գծեը, որոնք ուղղակի բաժանում են Թուրքիան եւ Հայաստանը, ավելին, կարծես ընդգծված ձեւով այս անգամ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով՝ պնդեց, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է ընթանա իր հունով»:
Ըստ տիկին Ալավերդյանի՝ հայ-թուրքական այս գործընթացը խիստ բացասական է ազդել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել