Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆԿԵՂԾ ԷՐ

Ապրիլ 15,2010 00:00

Վաշինգտոնյան իրադարձությունները՝ ըստ Խոսրով Հարությունյանի

\"\"

Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում կողմերի դիրքորոշումներն ավելի կարծրացան, այդքանից հետո տրամաբանակա՞ն է արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետը» դիտարկել մինչեւ ապրիլի 24-ը, ինչպես մինչ այդ պնդում էին որոշ հայ գործիչներ: Պատասխանելով այդ հարցին՝ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Այս գործընթացում «ողջամիտ ժամկետ» կարելի է համարել այդ ժամկետը, քանի դեռ տրամաբանական հանգրվանի հասնելու՝ արձանագրությունները վավերացնելու թեկուզ փոքր ռեսուրսներ դեռեւս պահպանվել են: Իսկ իմ պատկերացմամբ՝ նման ռեսուրս դեռեւս կա»: Մեր զրուցակիցը գտնում է, որ եւ Թուրքիան, եւ միջազգային հանրությունը հասկանալի պատճառներով կարող էին օգտագործել ապրիլի 24-ի պարագան եւ արագացնել գործընթացը, բայց չի կարծում, թե ապրիլի 24-ն այն ռուբիկոնն է, որից այն կողմ պետք է կտրուկ քայլեր իրականացվեն:
Ինչ վերաբերում է կոնկրետ վաշինգտոնյան հանդիպումներից հետո ստեղծված իրավիճակին՝ մեր զրուցակիցը հետաքրքիր նկատառում հայտնեց. «Թեպետ հայտարարությունները կտրուկ են եւ տրամագծորեն միմյանց հակառակ, այնուհանդերձ, հենց այդ հանգամանքն ինձ ստիպում է ենթադրել, որ մենք ավելի ենք մոտեցել արձանագրությունների վավերացմանը»: Նա արձանագրում է, որ միջազգային հանրության ճնշման հիմնական թիրախն այսօր Թուրքիան է, այն առումով, որ հստակ հայտարարություններ հնչեցին՝ չի կարող լինել որեւէ նախապայման: Իսկ հայաստանյան դիրքորոշումը համարում է «շատ շահեկան», քանզի ոչ թե նախապայմաններ են առաջարկվում, այլ պարզապես ասվում է, որ մենք չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը, որեւիցե մեկի հետ չենք կարող քննարկել Ցեղասպանության պատմական եղելության խնդիրը եւ անկախ արձանագրությունների վավերացումից՝ մենք լինելու ենք այսպիսին: «Այս դիրքորոշումը շատ անկեղծ է, եւ մեր արտաքին քաղաքական նախաձեռնության հաջողությունը պայմանավորված է հենց նրանով, որ առաջին անգամ Հայաստանը շատ շիտակ է միջազգային հանրության առջեւ. չի փորձում քողարկվել ինչ-որ շինծու փաստերի ետեւում, այլ պարզ ասում է, որ մենք ունենք անվտանգության խնդիր, որպես պետություն եւ ժողովուրդ՝ անվտանգ ապրելու լիարժեք իրավունք, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով, որի բաղադրիչներից մեկն էլ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելն է»,- ասում է ՔԴՄ նախագահը: Պարոն Հարությունյանը նաեւ գտնում է, որ հանրապետության նախագահը ճիշտ է գնահատում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումների սցենարները ու հենց դրա արդյունքում է գնալով եւ հստակեցնում, եւ կոշտացնում հայկական կողմի դիրքորոշումը եւ հայ-թուրքական, եւ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման առումով՝ շատ հստակ նշելով սահմանները, որից այն կողմ երբեւէ եւ որեւէ զիջում ոչ ոք չի կարող ակնկալել: «Ես վաղուց սկսել եմ համոզվել, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում արտահայտած մտքերն էմոցիաների ազդեցության տակ չեն, այլ հաշվարկված, հավասարակշռված, կշռադատված մտքեր են, որոնք արտահայտվում են ճիշտ տեղում եւ ճիշտ պահին»,- նկատի ունենալով Վիլսոնի գերեզմանին Սերժ Սարգսյանի արտասանած ճառը՝ ասում է պարոն Հարությունյանը՝ ճղճիմ համարելով հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը հասկացել է՝ ինչ անելանելի վիճակում է հայտնվել ու որոշել է «ետ ողորմեա» անել: Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, որ նվազ լեգիտիմությամբ նախագահ ունենալով՝ հայկական կողմն ավելի խոցելի է դառնում, մեր զրուցակիցն ասում է, որ չի ընդունում այդ մոտեցումը. «Եթե միջազգային հանրության կամ միջնորդ երկրների քաղաքական վարքագծում հիմնական գործոնը դառնար լեգիտիմությունը, ապա ամենախոցելի լեգիտիմությունն Ալիեւինն է: Ադրբեջանի պարագայում խոսքը գնում է ուղղակի բռնատիրության մասին, որտեղ բռնազավթվել է իշխանությունը, եւ Ալիեւն իրեն հռչակել է ցմահ նախագահ»: Ավելին, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ նույնիսկ 1996 թվականի լիսաբոնյան հայտարարության համար լեգիտիմությունը չի եղել հիմքը: «Եվ եթե անգամ խոսում ենք այդ տեսանկյունից, ապա Օբամա-Սարգսյան հանդիպումը հարցը հանում է»,- հղում անելով Սպիտակ տան կայքէջում հանդիպման մասին տեղադրված տեղեկատվության զեղումներին՝ ասում է մեր զրուցակիցը:
Խոսրով Հարությունյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե վաշինգտոնյան հանդիպումների արդյունքում ինչպե՞ս գնահատել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հանրահավաքում հնչեցրած այն միտքը, որ Սերժ Սարգսյանը ազատագրված հինգ շրջանները սկուտեղի վրա է մատուցելու: «Ես դրան վերաբերվում եմ զուտ որպես ներքին օգտագործման համար ասված միտք՝ ներքաղաքական իրավիճակը փոքր-ինչ լարելու, մոտալուտ արտահերթ ընտրությունների սպասումներն ավելի առարկայական դարձնելու կոնտեքստում, բայց ոչ ԼՂՀ կոնֆլիկտի ռեալ բանակցային գործընթացի: Դեռ 2008-ի հոկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ ԼՂՀ բանակցություններում կատաստրոֆիկ վտանգավոր զարգացումներ են սպասվում: Այսօր 2010-ն ենք թեւակոխել, եւ այդպիսի զարգացումներ դեռ չունենք, գոնե՝ մոտալուտ: Ի՞նչը, ո՞ր պարամետրն է փոխվել, որը մեզ մոտեցրել է խնդրի կարգավորմանը: Մենք այսօր ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորումից հեռու ենք ճիշտ այնքան, ինչքան 15 տարի առաջ: Այդ կոնֆլիկտը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն այդչափ հակառակ են, եւ քանի դեռ աշխարհի խոշորները պատրաստ չեն այդ լուծմանը: Այս պահին այդ երկու նախապայմանն էլ առկա է»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել