Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄԸ՝ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Ապրիլ 14,2010 00:00

«Պարզվում է՝ մինչեւ քրիստոնեությունը պետականորեն ընդունելը, կրոնի հայ նվիրյալներն այն տարածել են աշխարհով մեկ: Պարզվում է նաեւ, որ այն մշակույթը, որը դարեր շարունակ կերտել ենք՝ Հայաստանին տալով թանգարան բաց երկնքի տակ անվանումը, այդ թանգարանն իր ցուցանմուշներն ունի նաեւ ամբողջ աշխարհում»,- ասում է «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Գագիկ Գինոսյանը. օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան (ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան):

«Արարատից Եվրոպան» պատմում է դեռեւս 5-րդ դարից հայ եկեղեցաշինության՝ եվրոպական եկեղեցաշինության եւ ճարտարապետության վրա թողած ազդեցության մասին: Ավելի կոնկրետ՝ Լեոնարդո դա Վինչիի Հայաստան կատարած ճանապարհորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացել է հայկական դիմագիծ:

Գ. Գինոսյանի փոխանցմամբ, հայկական ճարտարապետությունը դարեր շարունակ ամբողջ աշխարհին սնուցել է, եկեղեցիները եղել են ողջ եվրոպական եկեղեցաշինության ոգեշնչման աղբյուրը. «Այս ամենի մասին պետք է բարձրաձայնել, ողջ Եվրոպային պատմել եւ բացատրել, թե որտեղից է գալիս անցյալը: Ֆիլմը դարձրել ենք հաղորդակցման եւ մեր ունեցածը պատմելու միջոց»:

Ըստ պրոդյուսեր, մտահղացման եւ սցենարի համահեղինակ Արսեն Հակոբյանի, ֆիլմը փորձ է՝ ապացուցելու, թե ինչպիսին է հայկական հետքը, որը տարածվել է Արարատից Եվրոպա. «Դարեր շարունակ հայերը աշխարհով մեկ քրիստոնեության տարածման ազատամարտիկներն են եղել եւ սրբացվել եվրոպական տարբեր ժողովուրդների կողմից: Սակայն սա հայ հոգեւոր մշակութային հետքը չէ: Նպատակն է, որ մենք՝ հայերս, իմանանք մեր պատմությունը եւ Եվրոպայում ներկայացնենք մեր ճիշտ անցյալը: Ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ նաեւ մշակույթ ենք ստեղծել, այսինքն՝ քաղաքակրթության այդ մոտիվն էլ ենք ունեցել…»:

Ա. Հակոբյանը գտնում է, որ եթե նույնիսկ 100 հոգի էլ ֆիլմը դիտելուց հետո սկսի մտածել ազգային արժեքների մասին, դա արդեն մեծ բան է՝ «Նկարում շեշտը դրվում է Հայաստանի պատմության, քրիստոնեության ընդունման եւ եկեղեցաշինության վրա»:

Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ ներկայացվում է հայ, բելգիացի եւ իտալացի գիտնականների, պրոֆեսորների եւ հոգեւորականների մեկնաբանություններով. ֆիլմն իր աշխարհագրական եւ ինֆորմացիայի առումով լայն է: «Անցել ենք մոտ 10 000 կիլոմետր ճանապարհ: Այս աշխատանքը երեք տարիների ուսումնասիրությունների, պրպտումների արդյունք է»,- հավելեց Ա. Հակոբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել