Լրահոս
Օրվա լրահոսը

Գալկինը հեռացավ բավարարված

Ապրիլ 14,2010 00:00

Հումորիստը խոստացել է կրկին վերադառնալ

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինի առաջին հանդիպումը հայ հանդիսականի հետ: Հիշեցնենք, որ մինչ այդ նա Երեւան այցելել է խաղատներից մեկի բացման ժամանակ, բայց համերգ-հանդիպում հանդիսականի հետ չի ունեցել: Գալկինի հետ հանդիպումը հայ հանդիսականի համար, իհարկե, էժան հաճույք չէր: Տոմսերի գինը պարտերում 50 000 դրամ էր, արդյունքում՝ դատարկ տեղեր էին մնացել:

Մաքսիմ Գալկինին հրավիրող անձինք լրագրողների հանդեպ բարեհաճ չէին: Կազմակերպիչը, հավանաբար, առաջնորդվել էր «PR կարիք չկա» կարգախոսով կամ պարզապես ենթարկվել իրեն աստղ համարող Մաքսիմ Գալկինի կողմից առաջարկված պահանջներին: Հումորիստը թելադրել էր իր խաղի կանոնները ու հրավիրող կողմին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայացրել A4 ֆորմատի 25 էջանոց ռայդեր (պահանջների ցուցակ):

Գալկինի պահանջներից մեկը եղել է հետեւյալը՝ ելույթի ժամանակ իրեն չլուսանկարել: Այդ մասին նույնիսկ մեծ տառերով գրված էր տոմսերի վրա:

Մաքսիմկան, այդպես էին նրան դիմում տեղական օրիորդները՝ հուսախաբ չարեց: Երեկոն անցավ բուռն: Գալկինին հավանաբար գոհացրել էր եւ հասանելիք հոնորարը, որի թիվը բնականաբար կոմերցիոն գաղտնիք է, եւ «Մարիոթ» հյուրանոցում նախագահական լյուքս համարը, եւ նրան օդանավակայանում դիմավորած շքեղ ավտոմեքենան, մի խոսքով՝ ամեն ինչ:

Նրան ոգեւորեց տեղական հանդիսատեսի արձագանքը: Գալկինի երեսից ողջ երեկո անպակաս էր անկեղծ ժպիտը: Նա իրեն բեմում շատ լավ էր զգում, կարծես իրենց տան բազմոցին պառկած լիներ: Երգում էր, թռչկոտում, անվերջ նմանակումներ անում, զավեշտալի պատմություններ պատմում իր իսկ սեփական կյանքից: Ճիշտ է, կեսից շատը, ինչպես ասում են, մատից ծծած պատմություններ էին, բայց դրանք չէին ձանձրացնում դահլիճում նստածներին: Ավելին, դրական լիցքեր էին հաղորդում: Մի խոսքով, Գալկինը իրենով արեց ողջ դահլիճը: Ծաղիկներ ստացավ աղջիկներից, թեեւ համբուրվելուց խուսափեց: Ինչ կարիք կա որ…

Նախատեսված համերգն էլ, ի զարմանս կազմակերպիչների, երկարեց ու նույնիսկ ընդմիջում հայտարարվեց:

Բանն այն է, որ հումորիստը մի սովորություն ունի. հյուրախաղերի ժամանակ պարտադիր մի քանի նախադասություն է սերտում տվյալ երկրի լեզվով: Դա նրա համար դժվար չէ, մանավանդ մասնագիտությամբ լեզվաբան է: Թեեւ Գալկինը բեմից ասաց, որ բավական բարդ է յուրացնել մեր լեզուն ու խոստովանեց, որ իր համերգներին սովորություն չունի ընդմիջում հայտարարել, բայց այստեղ ստիպված է եղել, քանի որ կարիք է ունեցել կրկնելու հայերեն սերտած՝ ծառի տակ նստած նապաստակի, ծլվլացող ծիտիկի մասին ոտանավորները եւ «Ես իմ անուշ Հայաստանին…»:

Ի դեպ, սա էլ Գալկինի մոտ շատ լավ ստացվեց: Գրեթե անսխալ, ճիշտ է հուշաթերթիկից օգտվելով, արտաբերեց նա:

Երեկոյի ընթացքում չանտեսվեց նաեւ Ալլա Պուգաչովա անունը: Գալկինյան տողատակերում պարբերաբար կարդացվում էր՝ ի լուր բոլորիդ, ապրում եմ պրիմադոննայի հետ նույն հարկի տակ եւ երջանիկ եմ…

Համերգից հետո դրսում աղջիկներ էին հավաքվել, անգամ սոլիդ տիկիններ կային: Բոլորը սպասում էին, թե երբ է դուրս գալու Մաքսը եւ մեքենա նստի, որն էլ մոտ 20 րոպե սպասեցնել տվեց իրեն, բայց, այնուամենայնիվ, հասցրեց եւ համբուրվել, եւ լուսանկարվել, ճիշտ է՝ անվտանգության աշխատակիցների հետ գրկախառնված, եւ ինքնագրեր բաժանել՝ սեփական լուսանկարով:

Ի դեպ, Գալկինը համերգից առաջ հրաժարվել է որեւէ զբոսանքի գնալ ու ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին: Ասել է, որ հոգնած է: Բեմից Գալկինը ասաց, որ մեկ անգամ էլ կգա Երեւան: Եվ նկատել է, որ այստեղ իրեն սիրում են, իր քմահաճույքներն էլ կատարվում են. ճգնաժամն էլ, հումորիստի խոսքերով, չի ազդել հայերի գրպաններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել