Օրերս մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի շուրջ 167 պատանի մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի իրենց տարիքային խմբում չեմպիոնի կոչում նվաճեցին Կարեն Ասլանյանը՝ 42 կգ, Գեւորգ Ղարիբյանը՝ 46, Ռուդիկ Մկրտչյանը՝ 50, Տիգրան Աբրահամյանը՝ 54, Սուրեն Հասրաթյանը՝ 58, Կարապետ Չալյանը՝ 63, Ասատուր Արշակյանը՝ 69, Կարեն Աբգարյանը՝ 76, Վարոս Պետրոսյանը՝ 85 եւ Տիգրան Հովհաննիսյանը՝ 100: Մասնագետների կարծիքով, լավ մարզվելու դեպքում նորաթուխ չեմպիոններից բոլորն էլ կարող են եվրոպական ասպարեզներում պայքարել մրցանակային տեղերի համար: Հանրապետության առաջնության արդյունքներով կազմավորվել է Հայաստանի հավաքականը, որն սկսելու է նախապատրաստվել առաջիկա պատասխանատու մրցումներին: Մասնավորապես, առաջիկայում հինգ քաշային կարգերի ըմբիշներ հանդես կգան Լեհաստանում կայանալիք վարկանիշային մրցումներում, որտեղ խաղարկվելու են օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նրանք, ովքեր վարկանիշ ձեռք կբերեն՝ կմեկնեն Սինգապուր, իսկ մյուսները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: