Երեկ Մայր աթոռում իր աշխատանքն սկսեց «Կոմունիզմի «դասերը» եկեղեցիներին» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացումը կատարեցին Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ տեր Հովակիմ վարդապետ Մանուկյանը եւ Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն: Բանախոսություններով հանդես եկան Հելսինկիի համալսարանի պրոֆ. Էինո Մուրտորինեն («Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի եկեղեցիներն ու կրոնները կոմունիստական ճնշման ներքո»), Ֆինլանդիայի ավետարանական լյութերական եկեղեցու գիտահետազոտական կենտրոնի տնօրեն դոկտ. Կիմո Կարիանեն («Կրոնի ընդհանուր հասկացությունը հետսոցիալիստական երկրներում»), ՀՀ ազգային արխիվի տնօրեն դոկտ. Ամատունի Վիրաբյանը («Հայ եկեղեցին Խորհրդային Հայաստանում 1920-1930 թթ.»), Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆ. Յուկո Մարտիկայնեն («Բախում իսլամի եւ կոմունիզմի հետ: Ջանալով դասեր քաղել հայոց պատմության՝ 1300-ամյա դաժան փորձառություններից»), Կարլսրուի համալսարանի դասախոս դոկտ. Քեթրին Քանտերը («Ակտիվ ընդդիմության միջեւ՝ երկխոսություն եւ հավատարմություն, եկեղեցիները ԳԴՀ-ում 1970-1989/90 թթ.»):
Երեկոյան, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում գիտաժողովի մասնակիցները դիտեցին «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն հայոց» ֆիլմը: