Մայիսի 12-22-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս տարի 2-րդ անգամ մասնակցելու է Կաննի կինոշուկային: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկ հայտնեց, որ այս տարի ներկայացվելու են միայն 2008 թվականից հետո նկարահանած 4 վավերագրական, 11 կարճամետրաժ եւ լիամետրաժ խաղարկային, 10 դեբյուտային եւ ուսանողական ֆիլմեր: Վավերագրական ֆիլմերի ցանկում են, օրինակ, Հայկ Օրդյանի «Արտավազդ Փելեշյան», Հ. Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը, խաղարկայինից՝ Ա. Առաքելյանի «Չիլո», Ա. Ռոնովի «Աննա Կարենինա» ֆիլմերը, իսկ լիամետրաժ ֆիլմերից՝ Ա. Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հ. Խաչատրյանի «Սահմանը», անգամ Հ. Քեշիշյանի «Սպանված աղավնի» հեռուստասերիալը: Կինոշուկայի մրցութային ծրագրում հայկական ֆիլմ այս տարի չի ներկայացվի, չնայած Կաննի ներկայացուցիչը Մոսկվա ուղարկված մի քանի ֆիլմերից նախօրոք ընտրել էր ռեժիսոր Արման Չիլինգարյանի կարճամետրաժ «Ցատկերթ» ֆիլմը: Վերջինս իր չափանիշներով չի համապատասխանել մրցութային ծրագրին: «Սկզբնական շրջանում ասացին, որ «Ցատկերթը» կընտրեն միայն ցուցադրության համար, շատ արագ ուղարկեցինք անգլերեն տարբերակը, բայց հետո Կաննի գլխավոր հանձնաժողովը չի ընտրել այն, այնպես որ, մրցութային ծրագրում դժբախտաբար այս տարի էլ չունենք ֆիլմ»,- ասաց Գ. Գեւորգյանը: Նա վստահ է, սակայն, որ տարին բեկումային կլինի հայկական կինոյի համար՝ որակական առումով:
Այս տարի Կինոկենտրոնն ավարտելու է 7 լիամետրաժ եւ հեռուստատեսության հետ համատեղ նկարահանվող Զարուհի Սարգսյանի «Արտիստը» ֆիլմերը: Բանախոսը նշեց, որ Կաննի կինոշուկային անցյալ տարվա մասնակցությունն արդեն իր դրական արդյունքներն ունեցել է. «Մոտ 40 տարբեր կարգի կինոփառատոներ հրավիրեցին մեզ, դա նաեւ կինոշուկայի արդյունքն էր»: Ըստ Կինոկենտրոնի տնօրենի՝ «Կաննի կինոշուկան իր օրենքներն ունի, որոնք պետք է պահպանել, նախապես պիտի կինոթատրոն վարձեինք, պրոդյուսերներին հրավեր ուղարկեինք եւ այլն, իսկ մենք տեղյակ չէինք»: Նա փաստեց, որ անցյալ տարվա մասնակցության ժամանակ որոշակի բացթողումներ եղել են, որոնք այս տարի փորձել են շտկել:
Տնտեսական ճգնաժամը հայկական կինոյին տրամադրվող բյուջեի վրա ազդեցություն չի ունեցել, չնայած պարոն Գեւորգյանն ասաց, որ որոշ չափով կրճատվել է փառատոնային ծրագրին տրվող գումարը: Նա միեւնույն ժամանակ փաստեց. «Կինոյին տրամադրվող տարեկան բյուջեն՝ 293 մլն դրամը, շատ քիչ է, նկարահանողներն իրենց տրված գումարների մեջ մի կերպ տեղավորվում են, աշխատում են, որ ֆիլմերում շատ դեկորացիաներ չլինեն»: