«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի տեսակետը՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են թեստերի բազմազան ժողովածուներով: Ինչպես պարզել՝ դրանցից որո՞վ պարապել: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանին: Նա տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են ԳԹԿ կողմից երաշխավորված ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մշակումների բաժնի գլխավոր մասնագետներ Միրցա Հալաջյանի «Հայոց լեզու եւ հայ գրականություն. 10 թեստ», Գյուլնարա Փալիկյանի «Քիմիա. թեստային առաջադրանքներ եւ խնդիրներ», Արամ Ծատուրյանի «Ֆիզիկա. թեստային առաջադրանքներ եւ խնդիրներ», նույն բաժնի առաջատար մասնագետներ Լուսինե Ասլանյանի «Աշխարհագրություն. պետական ավարտական եւ միասնական քննությունների թեստեր», Լուսինե Աթոյանի «Անգլերենի 10 թեստ», Աստղիկ Ավետյանի համահեղինակած «Գերմաներեն 9 թեստ», Ռուզաննա Գրիգորյանի համահեղինակած «Կենսաբանություն. թեստային առաջադրանքներ» ժողովածուները:
Լույս են տեսել նաեւ ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մշակումների բաժնի գլխավոր մասնագետ Սեւակ Մելիքյանի «Հայոց պատմություն» եւ նույն բաժնի առաջատար մասնագետ Վարդուհի Փիլիպոսյանի համահեղինակած «Մաթեմատիկա»՝ 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների թեստային ժողովածուները: