Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը կփրկի աշխարհը»

Ապրիլ 14,2010 00:00

\"\"Երեկ ԿԳ նախարարությունում ասաց Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ահարոն Չեյխանովերը:

Առաջին անգամ Հայաստանում է հրեա հայտնի բժիշկ, գիտնական, կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Ահարոն Չեյխանովերը, ով նաեւ երեկ հյուրընկալվել էր ԿԳ նախարարությունում: Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստանը վերջին մի քանի տասնամյակում Նոբելյան մրցանակակրի այցելություն չէր տեսել. «Առաջին անգամ է Նոբելյան մրցանակակիրը այցելել մեր երկիր եւ այն էլ հատուկ առաքելությամբ՝ մասնակցելու Երեւանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը, ինչպես նաեւ հայ ուսանողների համար դասախոսություններ կարդալու եւ աշխատելու հայ գիտնականների հետ»: Պարոն Չեյխանովերը Նոբելյան մրցանակի արժանացավ 2004-ին եւ, ինչպես ինքն է ասում, մրցանակը իր կյանքում բեկումային չդարձավ. «Ես շարունակում եմ աշխատել այնպես, ինչպես աշխատում էի, շարունակում եմ ոչ միայն իմ գիտելիքներն ու օգտակար փորձը փոխանցել, այլեւ համերաշխության եւ խաղաղության գաղափարները տարածել… Խաղաղությունն է փրկելու աշխարհը»:

ԿԳ նախարարը փաստեց, որ Իսրայելը մեծ հաջողություններ ունի գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտում. «Առհասարակ՝ այնտեղ գիտությունը երկրի ռազմավարական զարգացման հիմնասյուներից մեկն է եւ այն հիմնականում կենտրոնացած է բարձրագույն կրթական հաստատություններում, որտեղ եւ աշխատում է գիտնականը, իսկ մեզ համար կարեւոր են նրա՝ գիտության կառավարման խնդիրների հետ կապված փորձը եւ մոտեցումները»: Երեկ Ահարոն Չեյխանովերը պարգեւատրվեց նաեւ ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով, պարոն Աշոտյանն էլ կատակեց. «Ես կարծում եմ, Նոբելյան մրցանակից հետո սա երկրորդ խոշորագույն պարգեւն է, որ պարոն Չեյխանովերը ստանում է եւ որը կհարստացնի նրա հարուստ հավաքածուն»: Պարոն Չեյխանովերն էլ պատմեց, թե Հայաստանի մասին կարդացել է միայն գրքերում, այս օրերին դեռ չի հասցրել շրջել մեր երկրում: Առաջին տպավորությամբ նրան հատկապես գրավել են երեւանյան փողոցները, մարդիկ ու հայկական խոհանոցը: Ավելի ուշ գիտնականը նկատեց, թե հայ եւ հրեա ժողովուրդների ընդհանրությունները բազմաթիվ են. «Ունենք ընդհանուր ճակատագիր, երկու պետությունների տարածքն էլ փոքր է, մեծ տարբերություններ չկան բնակչության թվի առումով, մենք ո՛չ Չինաստան ենք, ո՛չ Ամերիկա եւ ո՛չ էլ Ռուսաստան: Մեր երկու պետություններն էլ խաղաղություն գնահատող եւ դրա համար պայքարող հասարակություն ունեն, մենք ապագայի համար պայքարելու խնդիր ունենք»: Ա. Չեյխանովերը նաեւ կոչ արեց մարդկությանը իրար սպանելու փոխարեն՝ մտածել, թե ինչով կարող են միմյանց օգնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել