Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԿԵՐ

Ապրիլ 14,2010 00:00

\"\"Կամ ինչու էր ադրբեջանականը «կաղում»՝ ըստ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի

Շվեյցարիայի երաժիշտների միության նախագահ Մաթիաս Արթերը իր ղեկավարած AEQUATUOR անսամբլի եւ Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Թբիլիսիի ազգային երաժշտական կենտրոնում օրերս ներկայացրեց եվրոպական ու կովկասյան կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագիր: Համերգը ղեկավարելու համար հրավիրվել էր հայաստանցի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանում եւ այլուր: Ռուսաստանում ղեկավարել է Եկատերինբուրգի ֆիլհարմոնիկ եւ Սոչիի պետական սիմֆոնիկ նվագախմբերը: Վրաստանյան համերգը Ռ. Ասատրյանի ստեղծագործական կենսագրությունում առաջինն է:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորը հայտնեց, որ մեկ երեկոյի ընթացքում առաջին անգամ կատարվել են հայ, վրացի, ադրբեջանցի եւ երկու շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հավելեց նաեւ, որ 5 պրեմիերաներից զատ, կատարվել են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ավստրիացի հանրահայտ կոմպոզիտորներ Ալեքսանդր Ցեմլինսկիի եւ Մալերի երկերից:

Ռ. Ասատրյանին խնդրեցինք հակիրճ կարծիք հայտնել հնչած գործերի մասին: «Իմ եւ հանդիսականի գնահատականը նույնն էր: Արամ Հովհաննիսյանի «Պատգամը» ընդունվեց օվացիաներով, Ռեզո Կիկնաձեի «Ողբը» ավելի շուտ կարող էր որեւէ թատերական ներկայացման համար օգտագործվել, քան որպես համերգային կատարում: Ընդ որում, այդ ստեղծագործությունը գրված էր ազգային ավանդական սգո երաժշտության հիմքով: Շվեյցարացի կոմպոզիտորներ Ստեֆան Վիրթի «Հեռավոր ավարտը» եւ Մաթիաս Արթերի «Էպիլոգը» տիպիկ եվրոպական մտածողությամբ գործեր էին: Ինչ վերաբերում է ադրբեջանցի Էլմիր Միրզոեւի «Փախուստին», կային ընդամենը հաջողված հատվածներ: Ադրբեջանցիները, որոնք իրենց ներկայացնում են իբրեւ հնագույն ազգի ներկայացուցիչ՝ ունենալով ընդամենը 90 տարվա պատմություն եւ գնում են այլ ժողովուրդների արվեստը յուրացնելու ճանապարհով, եթե կոնկրետ երաժշտարվեստում բնականոն զարգացում ունենային, նրանց դասական արվեստը ներկայանալի կլիներ»,- ասաց դիրիժորը:

Նա դրվատանքի խոսքեր հղեց AEQUATUOR-ի երաժիշտների՝ սոպրանո Սիլվիա Նոփերի, հոբոյահար Մաթիաս Արթերի, թավջութակահար Տոբիաս Մոսթերի, ֆլեյտահար Բորիս Պրեւիսիչի եւ անսամբլի հայ դաշնակահար Արթուր Ավանեսովի հասցեին:

Հետաքրքրվեցինք Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբով եւ թբիլիսյան մշակութային կյանքով: Մեր զրուցակցին առաջին հերթին գրավել էր նվագախմբի կարգապահությունը. «Համերգը կայացավ ընդամենը չորս փորձի արդյունքում: Երաժիշտներին ծանոթ էր միայն Մալերի 5-րդ սիմֆոնիայի ադաջիետոն: Կարծում եմ՝ սա արդեն խոսում է նվագախմբի կատարողական մակարդակի մասին: Նվագախմբում աշխատում է նաեւ հայազգի 6 երաժիշտ: Տեղի մշակութային կյանքով ժամանակ չկար հետաքրքրվելու, միայն կարող եմ ասել, որ նկատեցի ավելի շատ դասական երաժշտության համերգների հրավիրող հայտագրեր: Նշեմ, որ այս նվագախումբը, գլխավոր դիրիժոր Նիկա Մեմանիշվիլիի ղեկավարությամբ, ողջ մայիս ամիսը զբաղված է լինելու փառատոնային համերգաշարով»: Հարցին՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, որ այս համերգային ծրագիրը պետք է հնչեցվի նաեւ Բաքվում, ինքը կհամաձայնի՞, Ռ. Ասատրյանը պատասխանեց. «Օրը գա, բարին՝ հետը»: Որոշ դադարից հետո էլ հայտնեց, որ 2006թ. Էլմիր Միրզոեւը այցելել է Հայաստան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել