Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Ապրիլ 14,2010 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ին կոչ է արել Արեւմտյան երկրների կողմից Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակների եւ մեթոդների առնչությամբ հետաքննություն սկսել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, թե ստացել են Իրանի առաջնորդի նամակը, բայց դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեն արել: Հայտնի է, որ Ահմադինեջադը ՄԱԿ-ին խնդրում է հանձնաժողով ձեւավորել, որը կզբաղվի Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմական գործողությունների նպատակների եւ դրանց հետեւանքների վերլուծությամբ: Ահմադինեջադի կարծիքով, օտարերկրյա զորքերի մուտքը այդ երկրներ՝ հանգեցրել է միայն խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, թե ահաբեկչության դեմ պայքարի ձեւերը, որոնք կիրառել են ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն, ապացուցել են իրենց անկենսունակ լինելու փաստը: Ի դեպ, Իրանի նախագահի այս նամակը ասպարեզ է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածության ֆոնին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար Իրանը չի հրավիրվել, թեեւ այնտեղ խոսվելու էր նաեւ իրանական միջուկային ծրագրի մասին: Փոխարենը, BBC-ի մատուցմամբ, Իրանը մտադիր է միջուկային զինաթափման հարցով սեփական համաժողովն անցկացնել:

Իրանի շուրջ առկա առանց այն էլ լարված իրավիճակն ավելի է շիկացել ապրիլի 9-ին Իրանի նախագահի արած այն հայտարարությունից հետո, թե՝ Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է «երրորդ սերնդի» նոր ցենտրիֆուգեր թողարկել, ինչը, Ահմադինեջադի ասելով, ընդունակ են զգալիորեն արագացնել ուրանի հարստացման գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել