Բելգիական «Knack» պարբերականի խմբագրությունը հայտարարել է, թե չի պատրաստվում ռուսներից ներողություն խնդրել մարտի 29-ին մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության թեմայով պարբերականում հրապարակված նկարի համար: Պարբերականը հայտարարել է, թե այս նկարը ծաղրանկար չէ եւ զոհերի հիշատակի հանդեպ ծաղրանք չի պարունակում, այլ միայն հիշեցնում է, որ բռնությունը նոր բռնություն է ծնում:
Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ ապրիլի 7-ին «Knack»-ում հրապարակվել էր սյուրռեալիստական մի բնանկար, որում պատկերված էր Վլադիմիր Պուտինի նմանությամբ մի հսկա գլուխ, որի մի աչքում մխրճված էր կապույտ մի գնացք՝ վերջին վագոնի գլխին հսկա մի սարդով, մյուս աչքից դուրս էր գալիս գնացքի համակազմը, որը գնում էր դեպի մահ, ճակատային մասում ունենալով «վերջին կայարան» մակագրությունը:
Պարբերականին ներողություն խնդրելու պահանջ ներկայացրել էր Բելգիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռոմանովը՝ հայտարարելով, թե նկարը վիրավորում է այն երկիրը, որին ինքը ներկայացնում է եւ ծաղրում է զոհված 40 քաղաքացիների հիշատակը: Սակայն պարբերականի խմբագիր Ռիկ վան Կաուվելարտը հրաժարվել է որեւէ կերպ ներողություն խնդրել: Խմբագրի խոսքերով, դեսպանն ու զոհերի հարազատները չեն կարող չհամաձայնել այն մտքի հետ, որ բռնությունը շղթայական արձագանքի էֆեկտ ունի:
Ի տարբերություն «Knack»-ի, ավելի վաղ իր էջերում հրապարակած եւ նույն թեմային առնչվող ծաղրանկարների համար Ռուսաստանից ներողություն է խնդրել միայն «The Korea Times» պարբերականը, թեեւ համանման մի ծաղրանկար էլ հրապարակել էր ինդոնեզական «Jakarta Post»-ը: