Լրահոս
Օրվա լրահոսը

Բակիեւին զրկել են անձեռնմխելիությունից

Ապրիլ 14,2010 00:00

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ երկրի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը ֆորմալ առումով մնում է իր պաշտոնին, այլեւս զրկված է անձեռնմխելիությունից: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ազիմբեկ Բեկնազարովը՝ շեշտելով, որ ժամանակավոր իշխանությունները չեն խոչընդոտել Ղրղըզստանի հարավում, ի պաշտպանություն Բակիեւի տեղի ունեցած հանրահավաքի անցկացմանը՝ «բախումներից եւ այլ տարաձայնություններից խուսափելու» պատճառով: «Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա փորձում է ժողովրդին բաժանել հարավցիների եւ հյուսիսցիների»,- հայտարարել է Բեկնազարովը՝ հավելելով, որ Բակիեւի դեմ քրեական գործ է հարուցվել, եւ եթե նա չհանձնվի իշխանություններին եւ քաղաքացիական պատերազմի կոչեր անի, «հատուկ ծառայությունները նրան անհապաղ ձերբակալելու գործողություն կսկսեն»:

Բակիեւը նախկինի նման իրեն համարում է պետության ղեկավար եւ երկուշաբթի օրը երկրի հարավում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ժամանակավոր իշխանությունները լեգիտիմ չեն, եւ եթե նրանք փորձեն իրեն ձերբակալել կամ ոչնչացնել, ապա դա մեծ արյունահեղության պատճառ կդառնա, ինչը նրանք որեւէ կերպ չեն կարողանա արդարացնել: Նա նաեւ մերժել է ժամանակավոր կառավարության՝ հանձնվելու դիմաց անվտանգություն ապահովելու առաջարկը:

APA գործակալության փոխանցմամբ էլ, Ղրղըզստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Բակիեւի՝ հետախուզման մեջ գտնվող կրտսեր որդին՝ Մաքսիմ Բակիեւը Լատվիայում է, որտեղ նա մի քանի ընկերությունների սեփականատեր է: Աղբյուրի տեղեկություններով, նրա տեղափոխումն այդ երկիր՝ համաձայնեցվել է Լատվիայի ԱԳՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի ժամանակավոր իշխանությունները քրեական գործեր են հարուցել ոչ միայն նախագահ Բակիեւի, այլեւ նրա երկու որդիների եւ եղբոր նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել