2009թ. դեկտեմբերին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահի դեմ ապրիլի 12-ին Թուրքիայի Սամսուն քաղաքի դատարանի դիմաց կատարված հարձակումը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում լարվածության առիթ է հանդիսացել: Ապրիլի 12-ին Ստամբուլում բազմաթիվ անձինք ընդդեմ այդ հարձակման բողոքի երթ են կազմակերպել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում, ի նշան բողոքի, փակված են եղել առեւտրի տաղավարները, փողոցներում հավաքված բազմությունը բողոքի ակցիաներ է իրականացրել: News.am-ի մատուցմամբ, ոստիկանությունը զգուշացրել է հավաքվածներին ցրվել, որի ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (փակված «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության որոշ պատգամավորներ եւ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը, ում Թուրքիայի Սահմանադրական դատարանը 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ, ներկա են եղել եւ որպես դիտորդներ հետեւել են Սամսունում ընթացող դատավարությանը: Դատական նիստի ավարտից հետո, հենց դատարանի շենքի դիմաց Ահմեդ Թուրքը մի խումբ անձանց կողմից ենթարկվել է հարձակման եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության: