«Համակարգիչը երբեք գրքին չի փոխարինի»,- ասում է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթող Անրի Բաբայանը: Դեռեւս մի քանի ամիս առաջ հանրապետությունում մեկնարկեց ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ գիրք, գրադարան թեմաներով:
Երեկ ազգային գրադարանում ամփոփվեցին մրցույթի արդյունքները՝ «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների ժողովածուի շնորհանդեսով:
«Արդեն չորրորդ տարին է, որ Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է այս մրցույթը, որը հետո ամփոփվում է մեկ ընդհանուր գրքում: Հաճելի է, որ Հայաստանի ազգային գրադարանը կարողանում է պատանիների մեջ հետաքրքրություն առաջացնել գրքի, գրական խոսքի հանդեպ: Այդ ոգեւորությունը նկատվում է պատանիների շարադրություններում»,- ասաց «Գիրքը եւ ես» ժողովածուի համահրատարակիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը:
Ժողովածուն հրատարակվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ եւ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, ստեղծագործական շարադրությունը հնարավորություն է տալիս, որ պատանին ճիշտ եւ գեղեցիկ ձեւակերպի իր մտքերը. «Դրա համար հարկավոր է շատ գրականություն կարդալ: Կա կարծիք, որ համակարգիչը գրավել է գրքի տեղը: Համաձայն չեմ, որովհետեւ համակարգչով Րաֆֆու «Սամվելը» կամ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» չես կարդա»: Դ. Սարգսյանը նաեւ հավելեց. «Այս տարի շարադրություններում նկատվում է հայ պատանիների վերադարձը գրքին ու գրականությանը…»:
Վաչագան Սարգսյանն էլ նշեց. «Երեխաների գրառումները գալիս են մեկ անգամ եւս ավագներիս հանգստացնելու՝ աճում է սերունդ, որը համակարգչի կողքին համահավասար դնում է նաեւ գիրքը, այսինքն՝ չի գերագնահատում համակարգիչը»:
Մրցույթին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի 4-րդ դասարանից բարձր աշակերտներ: Ներկայացվել է 100-ից ավելի աշխատանք, բայց հաղթող է ճանաչվել եւ շարադրությունների ժողովածուում ընդգրկվել է ընդամենը 23-ը:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տարբերություն կա քաղաքի եւ մարզերի աշակերտների աշխատանքների միջեւ: Վ. Սարգսյանի խոսքով, շրջաններում երեխաների աշխարհընկալումն ավելի զուլալ է մնացել:
Կապանի թիվ 11 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Ազարյանը մրցույթին ներկայացել է «Խոնարհվիր գրքին, որ բարձրանաս նրանով» գործով: Մեզ հետ զրույցում Մարիան նշեց, որ իր համար երբեք համակարգիչը առաջնային չի լինի: ՀՊՄՀ-ին կից «Իմաստասեր» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյանն էլ մրցույթին ներկայացրել էր «Գիրք, ընթերցանություն, գրադարան» խորագրով շարադրություն, բայց, ինչպես ինքը նշեց, սա իր առաջին ստեղծագործական աշխատանքը չէ, արդեն հասցրել է տպագրել իր հեղինակային բանաստեղծությունների ժողովածուն: