Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլ 14,2010 00:00

Ահազանգում է «Առավոտի» ընթերցողը

\"\"

«Առավոտը» ստացել է Տավուշի մարզի բնակիչ Բ. Սիմոնյանի նամակը՝ աշխատանքի պետական տեսչության կողմից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կատարված ուսումնասիրության արդյունքների հետ միասին: «Արձանագրված են հսկայական գումար կազմող անօրինություններ: Գոյություն ունի ուժի մեջ մտած վարչական ակտ: Այսքանից հետո ինչո՞ւ է վերադասի կողմից կոծկվում ակտի գոյության փաստը եւ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը մնում իր պաշտոնում», գրում է ընթերցողը: Ըստ նրա՝ նամակով ուղարկած փաստաթղթի՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչություն հասցեագրած դիմումներով «Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցներ Ս. Ք.-ն եւ Ռ. Ս.-ն հայտնել են իրենց աշխատանքից ազատելու մասին։ ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ՊՈԱԿ-ում իրականացվել է ուսումնասիրություն, ըստ այդմ, պարզվել է, որ համալսարանի ռեկտորի 2005թ. հրամանի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով լուծվել են Ս. Ք.-ի եւ Ռ. Ս.-ի հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը, սակայն գործատուն՝ խախտելով վերոնշյալ հոդվածի 3-րդ մասի պահանջը, իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում նրանց չի առաջարկել իրենց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, կամ չի նշել նման աշխատանքներ չունենալու մասին։ Նույն հրամանագրով գործատուն խախտել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները, այսինքն՝ երկու ամիս առաջ պատշաճ կերպով չի ծանուցել աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին, եւ՝ նշված ժամկետը չպահպանելու համար չի հաշվարկել եւ չի վճարել տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: Ընդ որում, այն Ռ. Ս.-ի համար կազմում է 72.115,65 ՀՀ դրամ, Ս. Ք.-ի համար՝ 72.1 15,65 ՀՀ դրամ, ընդամենը՝ 144.230 ՀՀ դրամ։

Փաստաթղթից տեղեկանում ենք այլ խախտումների մասին նույնպես, օրինակ, որ 431 աշխատողի հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, դրանով իսկ խախտվել է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, կամ 2009թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ 599 աշխատող՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից, աշխատել է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, մանկավարժականում աշխատանքի ընդունվելիս աշխատողները չեն ներկայացնում տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ) եւ չեն անցնում պարբերական բժշկական զննություն, գիշերային աշխատանք կատարող 32 պահակի չի հաշվարկվել եւ չի վճարվել գիշերային աշխատանքի համար ընդհանուր գումարով 25.840.000 ՀՀ դրամ հավելում, իսկ գիշերային աշխատանք կատարող թվով 16 կաթսայատան օպերատորի՝ ընդհանուր գումարով 3. 188. 180 ՀՀ դրամ եւ այլն:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ մանկավարժականի աշխատողներին ամենամյա արձակուրդի համար չի հաշվարկվել եւ չի վճարվել 55.535.712 ՀՀ դրամ, դասախոսների աշխատաժամանակը մեկ ուսումնական տարվա ընթացքում գերազանցել է սահմանված 700-1080 ժամը։ Ամբիոններից մեկում կատարված արտաժամյա աշխատաժամանակի համար էլ չի հաշվարկվել եւ չի վճարվել արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանված հավելում՝ 4.799.810 ՀՀ դրամ ընդհանուր գումար եւ այլն: «Առավոտի» ընթերցողը փաստում է նաեւ, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից համալսարանի ռեկտորին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական։

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի մեկնաբանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել