Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿ

Ապրիլ 14,2010 00:00

Ապրիլի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Ս. Համբարձումյանի նախագահությամբ, շարունակվեց Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել 1993-ից «զորակոչից խուսափելու» համար, նրանից ապօրինի վերցվել էր 1մլն 800 000 դրամ, հետագայում քրեական գործը կարճվել էր: Նախորդ դատական նիստին դատակոչվել էր պատշաճ ծանուցված հանրապետական զինկոմիսարիատի իրավախորհրդատու Արեն Սարգսյանը:

Բողոքաբեր կողմին, սակայն, հնարավորություն չտրվեց, որպեսզի Արեն Սարգսյանը բացատրություններ տար զորակոչիկի ներկայացուցչի նկատմամբ կամայական մոտեցման, փաստաթղթեր չներկայացնելու հարցին:

Պ. Հակոբյանի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը հայտարարեց, որ զինկոմի ներկայացուցիչը պաշտպանության տակ առնվեց դատարանի կողմից: Վերջինիս տեղեկացմամբ, դատարան չբերվեց ապրիլի 29-ի փաստաթուղթը, որով զինակոչիկից գանձվել էր բոլոր 18 զորակոչերի համար տուգանք: Չբերվեց ՊՆ միջգերատեսչական հանձնաժողովի այն որոշման արձանագրությունը, որով 1 մլն 800 000 դրամ տուգանել էին: Պատճառաբանվել էր, թե որպես այդպիսին՝ գոյություն չունի: Այն դեպքում, երբ Ա. Արշակյանի կրկնակի գրավոր պահանջից հետո նրան տրվել էր «գոյություն չունեցող» արձանագրության քաղվածքը:

Զինկոմը ստիպված էր իր ձեռքով վերացնել հուլիսի 3-ով թվագրված նախորդ իր այն հրամանը, որով մերժել էր Պ. Հակոբյանին զինգրքույկ տալ: Սա փոքր հաղթանակ էր: Չպարզաբանվեց, թե ինչո՞ւ են ՊՆ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման փոխարեն իրազեկման նամակ տրամադրել կողմին, երբ նամակը գանգատարկելու իրավունք կողմը չունի: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 19-ին դատարան կներկայացվեն բողոքաբերի նոր միջնորդությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել