Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ պատասխան չեն ստացել

Ապրիլ 14,2010 00:00

Ուստի՝ կրկին են դիմել ՀՀ բնապահպանության նախարարին

\"\"Հունվարի 11-ին Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը գրությամբ դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը վերաբերում էր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը պատկանող Կապան եւ Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրի (պոչամբարի) հետ կապված մի կարեւորագույն խնդրի («Առավոտն» անդրադարձել էր այդ թեմային) եւ մինչ օրս բնապահպանության նախարարությունից պատասխան չեն ստացել:

«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ առ այսօր թափոնավայրը չունի անձնագիր, եւ հայտնի չէ, թե որ դասակարգին է պատկանում: Ինչո՞ւ մինչեւ այսօր բնապահպանության նախարարությունը չի տրամադրում այդ անձնագիրը եւ չի պարզում թափոնավայրի դասակարգը, որից էլ հայտնի կլինի սահմանված բնավճարների չափը: Իսկ, որ ամենակարեւորն է, դրանց առկայության դեպքում Կապան եւ Գեղանուշ համայնքները պահանջատիրոջ իրավունքով եւ ոչ թե աղերսալի խնդրանքներով կարող են լուծել իրենց համայնքներում առաջացած բնապահպանական եւ սոցիալական շատ հիմնախնդիրներ»,- նման բովանդակություն ուներ ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված գրությունը: Իսկ ապրիլի 13-ին թափոնների բնօգտագործման վճարների եւ վճարների դրույքաչափերի մասին օրենքների մեկնաբանությամբ կազմակերպությունը մի նոր գրություն է ուղարկել նախարար Արամ Հարությունյանին, նշելով, որ այս անգամ էլ գրության պատասխանը չստանալու դեպքում, ՀՀ տեղեկատվության մասին օրենքով առաջնորդվելով, կդիմեն դատական ատյանների:

«Պարոն նախարար, ինչի՞ համար են նախատեսված օրենքները, եթե դրանք չեն օգտագործվում Ձեր նախարարության եւ տեսչության կողմից, ինչպե՞ս կարող եք պահպանել բնությունը, եթե նախատեսված օրենքները չեն գործում: «Թափոնների մասին» ՀՀ օրենքում հստակ ամրագրված է, որ թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը եւ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը իրականացնում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը: Բոլորս տեսնում ենք, թե ինչ թափով են հավաքագրվում հարկային վճարները իրավաբանական անձանցից եւ ժամանակ առ ժամանակ հարկային օրենսդրական դաշտում փոփոխություններ են իրականացվում, իսկ ինչո՞ւ բնավճարները նույն կերպ չեն հավաքագրվում եւ ժամանակ առ ժամանակ չի արդիականացվում բնապահպանական օրենսդրությունը»,- ասված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված նոր գրությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել