Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է

Ապրիլ 14,2010 00:00

«Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի հեղինակները դրսում են ներդրողներ փնտրում

\"\"

\"\"

2009 թվականի նոյեմբերի 11-ին «Ոչ միայն ոռոգում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Եղվարդ քաղաքի հարեւությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը եւ նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով: Գտնվելով Արարատի, Արագածի, Արայի լեռան եւ Հայկական պարի կենտրոնում՝ հանգստավայրը կգրավի ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլեւ՝ օտարներին: Տեղեկացրել ենք նաեւ, որ, ըստ նախագծի հեղինակների, այս ծրագիրը կապահովի մոտ 5000 աշխատատեղ: Պարզվում է, Հայաստանում ծրագիրը պատշաճ ուշադրության չի արժանանում եւ նախաձեռնողները դրսում են ներդրողներ փնտրում:

1984 թվականին մեկնարկեց Եղվարդի ջրամբարի կառուցումը, որի ընդհանուր ծավալը սկզբնական շրջանում 228 միլիոն խմ էր: Այն պետք է ոռոգեր 30 500 հեկտար հողատարածք: Հետագայում, էլեկտրաէներգիայի թանկացման, ինչպես նաեւ մեծ ներդրումների իրականացման դժվարությունները հաշվի առնելով, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն առաջարկում է ջրամբարի ծավալները կրճատել՝ հասցնելով մինչեւ 90 միլիոն խմ-ի: Դա հնարավորություն կտար ավարտին հասցնել կիսակառույց ջրամբարը: Սակայն ծավալների կրճատումն էլ է անզոր լինում 47 տոկոսով կառուցված ջրամբարը ավարտուն տեսքի բերելու համար: 1992 թվականին ջրամբարի կառուցման աշխատանքները վերջնականապես դադարում են:

Մինչ բարձրաստիճան տարբեր գերատեսչությունները եւ մասնագիտական հանձնաժողովները գլուխ են կոտրում Սեւանա լճի մակարդակը բարձրացնելու, մեր երկրի ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ ջրի պահեստավորումն ու նպատակային ուղղորդումը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ, շատ ջրեր՝ ողողելով Արարատյան դաշտի վարելահողերն ու գյուղացիների տները, գնում են Նախիջեւան: Իսկ Եղվարդի ջրամբարի առկայությունը թույլ չէր տա անխնա վատնել հոսող հարստությունը, թույլ կտար սեփական ունեցվածքից օգուտներ քաղել: Մեր ջրերը կամբարվեին մեր ջրամբարում եւ կծառայեին մեր տնտեսությանը՝ նաեւ թեթեւացնելով Սեւանա լճի հոգսը: «Սեւանից ջրթողումները կպակասեին շուրջ 100 միլիոն խմ-ով»,- ասաց «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ նախագահ Յուրի Ջավադյանը:

«Ջուրն անփոխարինելի է: Խմելու եւ ոռոգման ջրերի համաշխարհային պաշարները գնալով նվազում են: Հետեւաբար Հայաստանը մի օր կարող է հայտնվել բարենպաստ պայմաններում, եթե կառավարությունն ու ժողովուրդը ջրին վերաբերվեն որպես սպիտակ ոսկու»,- «Առավոտին» ասաց ամերիկյան «Էյ Վի Էյ» անշարժ գույքի գործակալության նախագահ Արմեն Վարդանյանը:

Վարդանյանը Եղվարդի ջրամբարն ու ջրամբարամերձ տարածքը կառուցապատելու, այն հանգստի եւ զբոսաշրջության եզակի կենտրոն դարձնելու ջատագովներից է, «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի համահեղինակ եւ «Առավոտին» վստահեցրեց, որ ծրագրի իրագործումով իրականություն կդարձնեն նաեւ ջրամբարի շինարարությունը: Ըստ նրա՝ արդեն մեծ ծավալի աշխատանք է տարվել: «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագիրը ուսումնասիրել է համբավ ունեցող ամերիկյան մի կազմակերպություն, որի ներկայացուցիչներից մեկը նույնիսկ եկել էր Հայաստան: Ուսումնասիրել է տեղանքը, հանդիպումներ ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու մասնագետների հետ եւ եզրակացությունների փաթեթով վերադարձել Նահանգներ: «ԱՄՆ վերադառնալուն պես վերլուծել են հավաքած տեղեկատվությունը: Մեր հանդիպման ժամանակ էլ իրենց նախնական դրական տպավորությունները ներկայացրին «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներին: Դեկտեմբերի վերջին նշված ընկերությանը ներկայացվեց նաեւ մի գրավոր զեկույց, համաձայն որի՝ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրը գերազանցում է միջազգային ասպարեզում գոյություն ունեցող բոլոր ծրագրերին»,- ասաց Արմեն Վարդանյանը: Ըստ նրա, «Էմ Ջի Էմ Միրաժին» դիմել են ոչ թե ծրագրում ֆինանսական ներդրում անելու, այլ ծրագիրը կառավարելու առաջարկով. «Մեզ համար ավելի կարեւոր է, որ նրանք ներդնեն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները եւ օգնեն՝ հաջողությամբ կյանքի կոչել ծրագիրը: Իսկ պարոն Քըրք Քըրքորյանի՝ այդ ընկերության մեջ ունեցած մասնակցությունը մեծ ոգեւորություն կառաջացնի ողջ հայության մեջ: «Սիս, Մասիս եւ Նոր Հայաստան» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 400 միլիոն դոլարից միայն 100-120 միլիոնն է կանխիկ ներդրումներով լինելու, մնացածը վարկային միջոցներով է, որի հետ կապված աշխատանքներն արդեն մեկնարկել են»: Կանխիկ ներդրումների ուղղությամբ բանակցություններ են ընթանում անհատ ներդրողների հետ:

«Էյ Վի Էյ» ընկերության ղեկավարի ներկայացմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրի սկզբնական փուլում ողջունել է նախաձեռնությունը, իսկ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման գործակալության ջանքերով այն ներկայացվել է ՀՀ բոլոր նախարարություններին եւ մեր երկրում գործող բոլոր միջազգային կազմակերպություններին: Անցած տարի էլ Սոչիում կազմակերպված Համաշխարհային ներդրումային ֆորումում է ներկայացվել:

Մինչ դրսում քայլեր են արվում «Սիս, Մասիս եւ Նոր Հայաստանը» իրականություն դարձնելու ուղղությամբ, այստեղ խոսակցություններ են շրջանառվում, որ անավարտ ջրամբարի տարածքը այգեգործության նպատակով հատկացվում է տեղացի մեծահարուստներց մեկին: «Այդ վայրում այգեգործություն հնարավոր չէ, որովհետեւ տարիներ առաջ դրա բուսահողը՝ 0.8-1 մ բարձրությամբ, հանել ու տեղափոխել ենք Աշտարակի կողմերը՝ այգեգործությունն այդ վայրում զարգացնելու համար»,- ասաց «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ նախագահ Յուրի Ջավադյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել