Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

8 տարվա ազատազրկում՝ քսանամյա երիտասարդին

Ապրիլ 14,2010 00:00

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Օդնոկլասնիկի» գործը: Հիշեցնենք, որ Լիդա Եդիգարյանի պատճառով ծագած «ռազբոռկայի» արդյունքում կյանքից զրկվեց 18-ամյա Տիգրան Թադեւոսյանը, ազատազրկվեց 20-ամյա Սամվել Սարգսյանը: Այս գործով ոչ միայն մի քանի ոստիկաններ պաշտոնազրկվեցին, այլեւ փախուստի դիմեց զինծառայության ենթակա 3 երիտասարդ: Սամվել Սարգսյանը մեղադրվում էր Տ. Թադեւոսյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ, իսկ պատճառն այն էր, որ տուժողը Սամվելի սիրած աղջկա՝ Լ. Եդիգարյանի սիրային առաջարկին ի պատասխան՝ «Օդնոկլասնիկով» գրել էր «փախիր, քու…»: Դատարանը, հաստատելով այն փաստը, որ անցյալ տարվա ապրիլի 15-ին «Սամվել Սարգսյանը իր ընկերների հետ միասին Գյումրու Պարույր Սեւակի փողոցի 14 շենքի շքամուտքի, այնուհետեւ նույն փողոցի «Լիլիա» գեղեցկության սրահի դիմաց ձեռքերով ու ոտքերով հարվածել էր Տիգրան Թադեւոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում՝ գլխին, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս, որի արդյունքում տուժողը Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է», վճռեց 8 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Սարգսյանին: Ամբաստանյալը չօգտվեց իր վերջին խոսքի իրավունքից, հայտարարեց, որ ոչինչ չունի ասելու: Նույնիսկ դատավոր Էդուարդ Մանուկյանի այն հարցին, թե որեւէ խնդրանք չունի՞ դատարանին, Ս. Սարգսյանի պատասխանը միանշանակ էր՝ ոչ: Դատարանն առանց քննության թողեց տուժողի իրավահաջորդ Ջավահիր Սերոբյանի քաղհայցը, որով վերջինս պահանջում էր 4 մլն դրամ բռնագանձել՝ որպես վնասի փոխհատուցում:

Սահմանված պատիժը բավարարո՞ւմ է, արդյոք, որդեկորույս մորը՝ Ջավահիր Սերոբյանին: «Սխալ կլինի ասել, թե ես բավարարված եմ, որովհետեւ կորցրել եմ ամենաթանկը՝ որդուս: Գողության համար 7-8 տարի են տալիս, իսկ էս կարգի մարդասպանների համար սա շատ քիչ է, չնայած ես ապավինում են նաեւ Վերեւի դատաստանին, թե իրենք անպայման էնտեղից էլ պատիժ կստանան: Իմ հիմնական պայքարը էս պահին այն է, որ այլեւս էս կարգի բաներ չլինեն, ուրիշ տիգրաններ չզոհվեն, թե չէ՝ ես երբեւիցե չեմ կարող բավարարված լինել ոչ մի բանից»,- ասաց Տիգրանի մայրը: Իր քաղհայցը մերժելու հետ կապված նա հայտարարեց, որ այդ «գրոշների» կարիքն ինքը երբեւիցե չի ունեցել, ուղղակի նախատեսել էր այդ գումարը ներդնել Հացիկ գյուղի եկեղեցու վերականգնման համար:

Իր որդու սպանության մեջ մեղադրվող ու փախուստի մեջ գտնվող մյուս 3 երիտասարդների մասին էլ Ջ. Սերոբյանն ասաց. «Իրենք որդուս ծեծելիս իրենց առյուծ էին զգում, ընկածին դաժան ձեւով հողին էին հավասարեցնում, իսկ էսօր, եթե կոպիտ ասեմ, թաքնվել են մամաների փեշերի տակ, էսօր խուսափում են անգամ բանակում ծառայելուց: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, բոլորը պետք է պատիժ կրեն»: Ս. Սարգսյանի փաստաբան Թամարա Յայլոյանը կարծիք հայտնեց, որ դատարանը Քրօրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով իր պաշտպանյալին պետք է արդարացներ: Մինչդեռ, ըստ փաստաբանի, դատարանը չափազանց խիստ վարվեց նրա հետ, ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ Ս. Սարգսյանը որեւէ դիտավորություն չի ունեցել տուժողին մարմնական վնասվածք հասցնելու, դա տեղի է ունեցել պատահականության հետեւանքով: Փաստաբանի համոզմամբ, ականատես-վկաների ցուցմունքները հակասական էին, հստակ չէր նաեւ դատաբժշկական եզրակացությունը:

Մեղադրվող կողմը պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարան:

Տուժողի իրավահաջորդ Ջ. Սերոբյանը եւս հավանության արժանացրեց նրանց այս մտադրությունը՝ ասելով. «Ես մտածում էի անձամբ բողոքարկելու մասին, բայց ավելի լավ, որ իրենք են բողոքարկելու, թող ուսումնասիրվի, էսօր Ս. Սարգսյանը իրեն խայտառակ ձեւով պահեց: Ես նույնիսկ զարմացա, որ դատավորը նրան 8 տարի տվեց: Իսկ նա ոչ մի ձեւով չզղջաց, եթե նույնիսկ ինքը գտնում է, որ ընկել է Տիգրանի վրա, գոնե զղջալով կարող էր ասել՝ ես ցավում եմ, որ էսպիսի բան եղավ: Դատավորը նույնիսկ հուշում է, թե ոչ մի զղջանք չունե՞ս, հպարտորեն ասում է՝ ոչ, պատկերացրեք՝ էդ կարգի մարդը ինչքան տիգրանների կարող է կործանել իր կյանքում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել