Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓԱԽՈՒՍՏ ԲԱՆՏԻՑ-1

Ապրիլ 14,2010 00:00

Ռետինե մուրճերով ստուգվել էր պատերի ու ճաղավանդակների ամրությունը

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Արթուր Օհանյանի նախագահությամբ, շարունակեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստը տեղի էր ունենում քրեակատարողական հիմնարկում:

Մհեր Ենոքյանի պաշտպանությունը ստանձնել էր Ռոբերտ Ռեւազյանը, իսկ Սողոմոն Քոչարյանը հրաժարվել էր պաշտպան ունենալ: Նրանք մեղադրվում էին անցյալ տարվա նոյեմբերի 27-ին փախուստի դիմելու համար: Հիշեցնենք, որ դատապարտյալները 21 օր մնացին ազատության մեջ:

Մեղադրող Հարություն Հարությունյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ «դատապարտյալները մնալով առանց հսկողության», պարանների միջոցով պատի վրայով անցել էին ահազանգման համակարգի վրայով եւ դիմել փախուստի:

Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասելով, որ ինքը «արարք» է կատարել, այլ ոչ թե հանցագործություն: Իսկ հանցագործություն կատարել են նրանք, ովքեր իրեն 14 տարի առաջ դատապարտել են ցմահ ազատազրկման՝ սպանություն կատարելու համար: Մհերն ասաց, որ իր սուրբ պարտքն է գտնվել ազատության մեջ: Սողոմոն Քոչարյանը, որը ակնհայտ հուսահատ տրամադրության մեջ է, ռուսերեն ասաց, որ համաձայն չէ մեղադրական եզրակացության հետ:

Դատարանը որոշեց լսել վկաներին, ապա՝ դատապարտյալ-մեղադրյալներին:

Դատարան էր ներկայացել «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի կրտսեր մասնագետ Արսեն Ավագյանը, որն աշխատում է 2008թ. մարտից:

Նա ասաց, որ տվյալ օրը ինքը եղել է կալանավայրում: Զբոսանք են տրամադրել ժամը 5-ից հետո: Զբոսանքի վայրը գտնվում է ցմահների գլխավերեւում՝ 6-րդ հարկում: Այդ օրը իրենք խցերից դուրս են բերել 30 դատապարտյալի, որոնց բաժին է ընկել ընդամենը մեկ հսկիչ, որն էլ նրանց տարել է «զբոսախուց»: Ի դեպ, ճաղավանդակի տանիքի տակ գտնվող զբոսավայրի բանալին եղել է վկայի մոտ: Նա ներկայացրեց, որ ամենօրյա ստուգումների ժամանակ ռետինե մուրճով ստուգում են վանդակաճաղի սարքին լինելը, պատերի ամրությունը: Մեղադրողի հարցին, թե զբոսավայրի տանիքը նո՞ւյնպես ստուգել են ռետինե մուրճով, վկան ասաց, որ 2008 թվականից այդ հիմնարկում է, սակայն նման բան չի հիշում: Մինչ դատապարտյալներին զբոսանքի կտանեին, այդ օրը, ըստ վկայի, խուզարկվել են նրանց խցերը…

Թե ինչո՞ւ է այդ օրը 6-րդ հարկը հսկվել մեկ հսկիչի կողմից, Արսեն Ավագյանն ասաց, որ վերադասը իրենց հրահանգել է գնալ 2-րդ մասնաճյուղ, հսկիչներն էլ եղել են քիչ: Ինչ վերաբերում է դատապարտյալների հսկողությունից դուրս մնալուն, նա ասաց, որ «նրանք առանց հսկողության չեն մնացել»:

Մեղադրող Հ. Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հայտնաբերել, որ տանիքից փախել են եւ ի՞նչ տեսան տանիքում: Անվտանգություն ապահովող վկան հայտնեց, որ տեսել է վանդակաճաղը՝ վնասված. «Ռեժիմի պետի հետ բարձրացանք տանիք: Տեսանք՝ մի հատված էն չի: Տանիքում հագուստներ էին, պարան»: «Որտեղի՞ց են ձեռք բերվել սղոց, պարաններ: Արդյոք, չե՞ք աջակցել դատապարտյալներին: Ունեցե՞լ եք տեղեկություններ այդ իրերի ներթափանցման մասին»՝ հարցրեց մեղադրողը: Վկան ասաց, որ խուզարկությունը եղել է պատշաճ, նշելով, որ Ենոքյանն ու Քոչարյանը միշտ հանգիստ են եղել եւ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ դատապարտյալներն առանց զբոսանքի տրամադրման բարձրանային տանիք, Ա. Ավագյանը բացառեց:

Իսկ այն հարցին, թե այդ օրը խուզարկվե՞լ են Քոչարյանն ու Ենքոյանը, վկան պատասխանեց, որ՝ ոչ, այդ օրը չեն խուզարկվել:

Հայտարարություն արեց Մհեր Ենոքյանը: Նա ասաց, որ մինչ օրս մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված 14 դատապարտյալ, մեկն էլ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով Վռամ Գալստյանը, որը գտնվել է նույն իր խցում, ինքնասպան է եղել…

Մ. Ենոքյանը ասաց, որ իր գործի հետ կապված ուզում է ցուցմունք տալ, սակայն իր անվտանգությունը «Նուբարաշենում» վտանգված է: Նա դիմել է գլխավոր դատախազին, որ իրեն տեղափոխեն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, սակայն ստացել է մերժում: Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ մեղադրյալն ազատ է ցանկացած պահի տալ ցուցմունք, բայց նկատեց, թե Ենոքյանը հավանաբար տեղեկացված է, որ «Երեւան-Կենտրոնից» փախնող է եղել, եւ այդ պատճառով են ուզում գնալ այնտեղ. «դա հերթական փախուստի նախապատրաստման փուլ կարող է դիտվել»: Մ. Ենոքյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ փախուստի մասին է խոսքը: Մեղադրողը նկատի ուներ հայ քաղաքագետի մահափորձի գործով մեղադրվող «Թուրք Արշակի» կլասիկ փախուստը «ԿԳԲ»-ի մեկուսարանից:

Դատական հաջորդ նիստին կդատակոչվի վկա Շահբազյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել