Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մի երկրում այսքան կծկված սրտեր չեք տեսնի»

Ապրիլ 14,2010 00:00

Սրտամկանային հիվանդությունները Հայաստանում երիտասարդացել են

«Հայաստանում սրտի վիրահատությունները թանկ հաճույք են: Մեկ վիրահատության գինը սովորաբար սկսվում է մոտ մեկ միլիոն դրամից եւ հասնում մինչեւ 8,5 միլիոն դրամի: Այդ է պատճառը, որ, մեր կենտրոնի տվյալներով՝ վիրահատության անհրաժեշտություն ունեցող 15 հիվանդից միայն մեկն է ընդունում վիրահատումը, մյուսները, թերեւս, դատապարտված են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի սրտաբան Սմբատ Ջամալյանը: Ըստ նրա, ողջ աշխարհում սրտամկանային հիվանդությունները մեծ տարածում ունեն, եվրոպական երկրներում էլ այդ հիվանդությունները տարեկան մոտ 12-13%-ով աճում են: Այս հիվանդությունների աճ է նկատվել նաեւ մեր երկրում: Ս. Ջամալյանի խոսքերով՝ «այս հիվանդությունները չունեն տարիքային ու սեռային սահմանափակում, բայց հիմքում ընկած է գենետիկ ժառանգականությունը»: Նույն կենտրոնի սրտաբան Լիաննա Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին երկու տարիներին Հայաստանում երկու անգամ շատացել է սրտամկանային հիվանդություններ ունեցողների թիվը: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալ՝ հիվանդները մեծամասամբ հրաժարվում են. «Եվրոպայում կամ Ամերիկայում երբեք չեք տեսնի այսքան կծկված սրտեր, որքան Հայաստանում են, որովհետեւ արտասահմանցիները ժամանակին բժշկի են դիմում: Հայաստանում մարդիկ, ֆինանսական խնդիրների պատճառով, ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն չեն ստանում, դե ֆակտո մեզ արդեն դիմում են սրտամկանի ինֆարկտ տարած մարդիկ եւ բժշկի միջամտությամբ լավագույն դեպքում արդեն փոխվում է կյանքի տեւողությունը եւ որակը»: Լ. Խաչատրյանի կարծիքով՝ հիվանդի ֆինանսական խնդիրները կապում են նաեւ բժշկի ձեռքերը. «Ի՞նչ կարող ես անել, եթե հիվանդը փող չունի՝ անհրաժեշտ բուժման համար վճարելու»:

Մասնագետների դիտարկմամբ՝ սրտամկանային հիվանդությունների ռիսկի գործոններից են ծխելը, թմրադեղերի օգտագործումը, նաեւ պասիվ ապրելակերպը: Ինչպես գիտենք, հատկապես ծխախոտամոլության ցուցանիշները մեր երկրում չափազանց բարձր են:

Ալավերդու բժշկական կենտրոնի գլխավոր սրտաբան Քնարիկ Խաչատրյանի խոսքերով՝ իրենք փորձում են հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերել, բայց պրակտիկ աշխատանքներում լուրջ խնդիրներ ունեն. «Չկա համապատասխան բուժտեխնիկա, մեր կենտրոնը վերջին անգամ տեխնիկայով վերազինվել է մոտ 20 տարի առաջ, շատ անգամ էլ հիվանդները մտածում են, թե մայրաքաղաքում բժիշկներն ավելի լավն են, եւ բուժօգնությունը ավելի որակով է լինելու, մենք էլ ուղեգրում ենք Երեւան, բայց քչերն են գնում, որովհետեւ, փաստորեն, բուժօգնության համար սահմանված գներին ավելանում է նաեւ մայրաքաղաք հասնելու ճանապարհածախսը»: Սրտաբանը նաեւ նկատեց. «Հիվանդները մեծ ոգեւորությամբ դիմում են եւ դիմելու ցուցանիշը բարձր է, բայց հենց հերթը հասնում է բուժման պայմաններին, անհամեմատ իջնում է նրանց դիմողականությունը»: Արարատի մարզի ընտանեկան բժիշկ Լարիսա Բաղդասարյանի կարծիքով՝ «Այս ժամանակաշրջանը, չգիտես ինչու, սթրեսով հագեցած է, եւ պետք է նկատեմ, որ վերջին մեկ ամսվա տվյալներով հիվանդներիս թիվը աճել է 20-ով, սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ գյուղերում ապրելու պայմաններն ավելի հոգսաշատ են ու խնդիրներով լեցուն»: Նրա գնահատմամբ՝ սրտամկանային հիվանդությունների հիմքում թեեւ գենետիկ ժառանգականությունն է ընկած, բայց այդ հիվանդությունները վերջին շրջանում կարծես թե երիտասարդացել են. «Նկատել եմ, որ այդ հիվանդությունները վերջին տարիներին հաճախ են հանդիպում նաեւ երեխաների շրջանում»: Տիկին Բաղդասարյանը նաեւ արձանագրել է, որ հատկապես մարզերում մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ հիվանդները հետազոտման կամ բուժման քայլեր չեն նախաձեռնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել