Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանի նկատառում՝ բարեկամաբար

Ապրիլ 14,2010 00:00

«Առավոտ» թերթի սույն տարվա ապրիլի 10-ի համարում ընթերցեցի Հռիփսիմե Ջեբեջյանի «Դիմորդին հարցնում են՝ պատասխանն իրենք էլ չգիտեն» վերնագրով հոդվածը՝ «Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար Քաղծառայության խորհրդում անցկացված մրցույթի» մասին: Որպես վերը նշված մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ուզում եմ շատ կարճ անդրադառնալ ընդհանուր առմամբ անաչառ հրապարակման մեջ արծարծված՝ հեղինակի մի քանի մեկնաբանությունների: Հոդվածից բանիմաց եւ ուշադիր ընթերցողը կնկատի, որ վերոնշյալ մրցույթն անցել է սահմանված կարգի համաձայն: Հեղինակի այն միտքը, թե մրցույթի հարցազրույցի փուլ անցած 3 մասնակիցներից մեկը հարցատոմսի 5 հարցերից 4-ին ճիշտ պատասխանելով՝ «կողմ» քվեարկվեց, երկրորդը՝ 5-ին էլ ճիշտ պատասխանելով, դրա ապացույցն է: Մինչդեռ հոդվածի վերնագրից այդ տպավորությունը չի կարելի ստանալ:

Ըստ իս՝ թյուրիմացությունն առաջ ացել է 3-րդ մասնակցի հարցազրույցի մի քանի դրվագների մեկնաբանման վերաբերյալ հանձնաժողովի եւ հոդվածագրի մոտեցումների տարբերության պատճառով:

1. Հեղինակը գրում է. «Հաջորդ դիմորդի՝ Լալայան Վահագնի բերանից հանձնաժողովի անդամներն աքցանով էին ճիշտ պատասխանը հանում»: Մինչդեռ հանձնաժողովը մասնակիցներից անպայման ճիշտ պատասխանը «աքցանով հանելու» խնդիր չի հետապնդել, այլ՝ նրանց վրա հոգեբանական ճնշում չգործադրելու, պատասխանելիս կողմնորոշվելու, մտքերն ամբողջացնելու, չշփոթվելու հնարավորության ընձեռման: Կարծում եմ, որ հանձնաժողովը վատ չի վարվել, երբ համբերատար սպասել է (իհարկե՝ ողջամտության սահմաններում), մինչեւ դիմորդը տա պատասխանը:

2. «Կարելի է ասել, որ հարցաթերթիկի 5 հարցերից նա հստակ գիտեր միայն 1-ի պատասխանը»,- նշվում է հոդվածում: Պատասխանի հստակությունը որոշելը սուբյեկտիվ է: Հանձնաժողովը միայն որոշում է, թե որքանով էր պատասխանը ճիշտ կամ սխալ: Նշված մասնակիցը ճիշտ էր պատասխանել 5 հարցից 3-ին: Բնական է, որ հանձնաժողովը նրան էլ «կողմ» քվեարկեց: Այս առումով հարկ եմ համարում նշել ՀՀ ՔԾ Խորհրդի կողմից որդեգրված մի մոտեցման մասին, ըստ որի՝ եթե մասնակցի ճիշտ ու սխալ պատասխանները հավասար են, ցանկալի է, որ հանձնաժողովի անդամները քվեարկեն հօգուտ մասնակցի:

3. Ապա հեղինակը գրում է. «Հանձնաժողովը գտավ, որ ոչինչ, տղան համայնքային բյուջեի տեղը տեղական բյուջե է ասում, եւ նրա պատասխանը ճիշտ համարեցին»: Կարծում ենք, որ տվյալ դեպքում «տեղական» եւ «համայնքային» հասկացությունները նույն իմաստն ունեն:

4. «Թե դիմորդի, թե Գրիգոր Այվազյանի համոզմամբ՝ պատասխանը 10% էր, մինչդեռ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Գոհար Մանուկյանը, որը Քաղծառայության խորհրդի աշխատակազմից էր, ճշտեց, որ ֆիննախի պաշտոնյան սխալ գիտի, ճիշտ պատասխանն է 5%»,- գրված է հոդվածում: Բնավ նպատակ չունենալով պաշտպանել «ֆիննախի պաշտոնյային», այնուամենայնիվ, ասեմ, որ թե ես, թե Գոհար Մանուկյանը համոզված ենք, որ նա իր տված հարցի պատասխանը սխալ չգիտեր: Դա պարզապես շփոթմունք էր, որից ոչ ոք զերծ չէ: Եթե դա համոզմունք լիներ, ապա նախարարության ներկայացուցիչը կշարունակեր պնդել դա: Բացի դրանից, ընդունենք, որ այնքան էլ հավանական չէ՝ մարդ չիմանա իր կողմից տրված հարցի պատասխանը, այն դեպքում, երբ, իբրեւ հանձնաժողովի անդամ, գիտի, որ սխալ պատասխան հնչելու դեպքում ինքը պարտավոր է հնչեցնել ճիշտ տարբերակը:

Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ ընդհանուր գործը կշահի, եւ գնահատականներն էլ գուցե մոտենան իրար, եթե հարգելի լրագրողները, ում համարում ենք մեր գործընկերները, հաճախակի ներկա գտնվեն համակարգում իրականացվող մրցույթներին: Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտին» եւ վերոնշյալ հոդվածի հեղինակ Հռիփսիմե Ջեբեջյանին՝ մրցույթին ներկա գտնվելու եւ այն լուսաբանելու համար:

Հարգանքով՝ ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ б Քաղծառայության խորհրդի անդամ

Երեկ ստացանք նաեւ ֆինանսների նախարարության պարզաբանում-լրացումը՝ կապված նույն հոդվածի հետ, որում մասնավորապես գրված էր. «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված երեք դիմորդների միջեւ ընտրություն կատարելու նպատակով ս.թ. ապրիլի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի հանձնարարությամբ անցկացվել է լրացուցիչ հարցազրույց, որին ներկա են եղել նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Հայրապետյանը, վարչության բաժնի պետ Գրետա Ադամյանը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Հարցազրույցը լուսաբանելու համար հրավիրվել է նաեւ հոդվածի հեղինակը, ով, սակայն, չի կարողացել ներկա գտնվել: Մակրոտնտեսագիտության ընդհանուր հիմունքների շրջանակում քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդների տեսական գիտելիքները ստուգելու նպատակով նրանցից յուրաքանչյուրին տրվել են նույն հինգ հարցերը: Քաղծառայության մրցույթը հաջողությամբ հաղթահարածներից Թամարա Ասրյանը հնչեցված հինգ հարցերից պատասխանեց միայն մեկին, Ռուզան Համբարձումյանը, թեպետ ուներ ընդհանուր պատկերացումներ մակրոտնտեսագիտության վերաբերյալ, սակայն առաջադրված հարցադրումներին հիմնականում պատասխանում էր սխալ կամ ոչ լիարժեք, իսկ Վահագն Լալայանը վերը նշված հինգ հարցերին տվեց ճիշտ, սակայն որոշ դեպքերում ոչ լիարժեք պատասխաններ:

Արդյունքում՝ Վահագն Լալայանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում»:

ՍԱՆԱՀԻՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Լոռու մարզ՝ Սանահին վանական համալիր եւ Ալավերդի: Ըստ կառավարության լրատվականի՝ վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահին վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է: Վարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը եւ առկա խնդիրները: Նա եղել է նաեւ Միկոյան եղբայրների տուն-թանգարանում եւ Ա. Միկոյանի անվան դպրոցում: 2010 թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 եւ Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը: Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում եւ ծանոթացել ցուցադրությանը:

Ա. Միկոյանի անվան դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ: Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը եւ եզրակացություն կներկայացնի վարչապետին:

ԽՈՇՈՐՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն 285 խոշոր ձեռնարկությունների ցուցակը, որոնք մինչեւ 2010 թվականի հուլիսի 1-ը պարտավոր են հրապարակել իրենց, միջազգային աուդիտով հաստատված, ֆինանսական հաշվետվությունները: Ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են հրապարակել այն ընկերությունները, որոնց տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը: Ընկերությունների ցուցակի նախապատրաստումը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության նիստում: Ըստ «Արմինֆոյի»՝ ցուցակում տեղ են գրավել այնպիսի խոշոր հարկատուներ, ինչպիսիք են՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Ալեքս Գրիգ», VivaCell-MTC, «ԱրմենՏել» ՓԲԸ, «Ֆլեշ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, GPM Gold, «Ռուսալ Արմենիա» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել