Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍԿՈՒ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԼՈՒՌ ԵՆ

Ապրիլ 14,2010 00:00

Սակայն հարկային նոր փոփոխությունների դեպքում նրանք խոստանում են զանգվածային ցույցեր անել

\"\"Չնայած «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում կրքերը հանդարտվել են՝ առեւտրականների ու կառավարության համաձայնությամբ, այնուամենայնիվ, շուկայում, այսպես ասած, վախի մթնոլորտ կա: Ճիշտ է, շուկայի աշխատակիցները մոտ ապագայում չեն պատրաստվում նորից բողոքի ակցիա կազմակերպել, բայց կառավարությանն ու հարկայինին չեն վստահում:

«Ամեն օր ահը սրտներումս սպասում ենք, որ հարկայինը նորից ռեյդ կանի: Ամեն վայրկյան կարող են գալ ու մի մահանա գտնել, որ տուգանեն»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց, որ ոսկու առեւտրով զբաղվողները պետք է ամսական 25 հազար դրամ հարկ վճարեն՝ նախկին 14 հազարի փոխարեն: Բացի այդ, նաեւ պարտավոր են ամսվա շրջանառության 2 տոկոսի չափով հարկ մուծել, որը կազմում է մոտ 5 հազար կամ մի փոքր ավելի:

Մեզ հետ զրույցում տնտեսվարողները վստահեցրին, որ ամսական 25 հազարը վճարում են, դրա համար, ճիշտ է՝ կտրոն են ստանում, սակայն հարկայինի հետ նոր պայմանագիր չեն կնքել: Ուստի նրանք մտավախություն ունեն, որ ամեն վայրկյան նոր որոշում դուրս կգա, որ հարկային բեռը կավելանա. «Տեղից նորմալ եկամուտ չունենք: Տեղի վարձը 30 հազար դրամ է, գումարած սոցվճարներն ու հարկային գումարը, մոտ 80 հազարի վճարումներ ենք կատարում: Մարդ կա՝ ամբողջ ամսվա ընթացքում մի հատ թեթեւ շղթա է վաճառել, ընդամենը 25 հազարի առեւտուր է արել: Բայց հարկայինը չի հավատում ու կանչում-ասում է՝ գիտենք, որ ՀԴՄ չես խփել, ավելի լավ է ինքնակամ 100 հազար որպես տուգանք վճարես, միեւնույն է՝ կգանք կբռնացնենք: Հարկայինը պահանջում է, որ ամիսը մինիմալ 250 հազարի շրջանառություն ցույց տանք, բայց միշտ չէ, որ այդ ծավալի առեւտուր ենք անում: Դեպք է եղել, կանչել են՝ 100 հազար ուզել, մարդիկ վճարել են, բայց մի քանի օրից հարկայինի տեսուչը եկել է եւ նորից 100 հազար դրամի ակտ գրել: Մենք պարզապես պաշտպանված չենք: Չեն թողնում աշխատենք: Ուզում են աշխատենք ու ամբողջ եկամուտը պետբյուջե մուծենք: Բա մեզ տակը բան չմնա՞: Վարկ ենք վերցրել, ապրանք ենք ձեռք բերել ու ամիսը հազիվ 150-200 հազար դրամի եկամուտ ենք ունենում: Մենք էլ, չէ՞, պետք է ընտանիք պահենք, վարկ փակենք: Վերջերս համարյա բոլոր ապրանքատեսակները թանկացան, գազի, բենզինի, դեղերի գները բարձրացան, եթե մեր հարկը բարձրացնեն, մենք ընդհանրապես չենք կարող աշխատել»:

Ոսկու առեւտրով զբաղվողների ներկայացմամբ՝ չնայած կառավարությունը խոստացել է մինչեւ տարեվերջ 25 հազար դրամ հարկի շեմը չփոփոխել, բայց առեւտրականները, իրենց իսկ խոսքերով՝ այդ հեքիաթին չեն հավատում. «Մեր գլխի տակ փափուկ բարձ են դրել, որ հանկարծ նորից ցույցեր չանենք: Դե հիմա գլուխներս կախ աշխատում ենք: Բայց հենց նորից իրենց տեռորը սկսեն, մենք ձեռքներս ծալած չենք նստի, իրենց չենք ենթարկվի: Անպայման նոր ցույցեր կանենք ու ավելի մեծ մասշտաբով: Պարզապես պետք է նորմալ օրենքով ու պայմանագրով կարգավորեն այս գործընթացը, մենք էլ հասկանանք, որ պաշտպանված ենք ու աշխատելու ենք ներկայիս գներով: Չնայած հիմա էլ որ հաշվարկում ենք՝ մոտ 11 տոկոսի չափով հարկ ենք վճարում, բայց գոնե այդ թիվը մնա, նոր բաներ չհորինեն: Մենք պատրաստ ենք հարկեր վճարել, չենք խուսափում դրանից, բայց այդ հարկերը պետք է խելամիտ սահմաններում լինեն: Կառավարությունը չի էլ պատկերացնում, թե ինչ պայմաններում ենք աշխատում: Ոչ նորմալ զուգարան կա, ձմեռը ցուրտ է, ամբողջ օրը նյարդային վիճակ»: Մեզ հետ զրույցում «Վաղարշ եւ որդիներ» շուկայի ոսկու առեւտրով զբաղվողները վստահեցրին, որ վերջերս ժողովուրդը քիչ է ոսկի գնում, գրեթե առեւտուր չի լինում, եթե գնում էլ են, ապա փոքր ու թեթեւ զարդեր: Դա, ըստ առեւտրականների, պայմանավորված է թե ճգնաժամով, թե համատարած գնաճով. «Ոսկին էլ թանկացել է, ու մարդիկ 2 գրամանոց շղթային կամ մատանուն պետք է մոտ 50 հազար դրամ վճարեն ու, ասենք, հարսանիքի նվեր տանեն, գալիս են տեսնում, որ թանկացել է ոսկին՝ չեն առնում: Գերադասում են 50 հազարի մեկ այլ բան առնեն կամ հենց գումարը նվիրեն, որովհետեւ ձեռնտու չէ»:

Նշենք, որ «Վաղարշ եւ որդիներ» շուկայի մի քանի ոսկու արհեստանոցներ կամ փակվել են, կամ էլ աշխատակիցները օրերով անգործ են մնում: Շատ արհեստավորների էլ աշխատանքից հանել են՝ գործ չլինելու պատճառաբանությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել