Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆԱՑԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ապրիլ 14,2010 00:00

«Մենք պահպանում ենք խաղաղության հեռանկարը, սակայն ոչ ոքի թույլ չենք տա Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել այն հարցերում, որոնցում զիջումների չենք կարող գնալ։ Կարծում ենք, որ մեր գործընկերներն ստացել են այս հարցի շուրջ մեր մեսիջը։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Հարավային Կովկասում միակողմանի խաղաղություն չի կարող լինել»,- երեկ ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ նախորդ օրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը։ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ստեղծելու համար, ինչպես կարծում է թուրք նախարարը, բավական չէ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցումը։ Միայն հարցի բազմակողմանի լուծումը, նրա խոսքով, տարածաշրջանում հաշտեցման եւ համագործակցության մթնոլորտ կստեղծի։

«Եթե բոլոր կողմերը իրենց վրա պատասխանատվություն վերցնելով ջանքեր գործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ, Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի մոտ ապագայում։ Սա ոչ միայն կմոտեցնի երկու երկրներին, այլ նաեւ ճանապարհ կհարթի դեպի ապագա, խաղաղություն, բարգավաճում եւ համագործակցություն»,- նշել է Դավութօղլուն։

Անկարան, ինչպես նա ասել է, փորձում է բացատրել ԱՄՆ վարչակազմին, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել։ Խոսելով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ թուրք նախարարը երկու տարբերակ է նախանշել. «ԱՄՆ երկու տարբերակ ունի. նվազագույնի հասցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռքբերումները կամ նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ը կընտրի երկրորդ ճանապարհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել