Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անսպասելի արձակուրդ

Ապրիլ 14,2010 00:00

Ինչու է նախագահը որոշել հանգստանալ վաշինգտոնյան այցից հետո

Կիրակի օրը բոլոր հեռուստաընկերություններն իրենց լրատվական-վերլուծական ծրագրերում ուշադրությունը բեւեռեցին նախագահի վաշինգտոնյան այցին, այնտեղ կայանալիք հանդիպումներին եւ դրանց հնարավոր արդյունքներին: Նույնիսկ հանգուցալուծումների «սեփական» տարբերակներն առաջարկեցին: Ավելի ուշ միահամուռ ընթերցվեց ՀՀ նախագահի գրասենյակից ստացված հաղորդագրությունը, որով ծանուցվում էր, թե վաշինգտոնյան այցից հետո նախագահը մի քանի օր արձակուրդ կանցկացնի արտերկրում: Այն, որ նախագահը որոշել է հանգստանալ, հասկանալի է: Տարօրինակ է, որ հենց այս պահին է Սերժ Սարգսյանը որոշել հանգստանալ, երբ այդքան կարեւոր հանդիպումներից հետո թվում է, թե հարկ կար սեփական հանրությանը տեղեկություններ տալ՝ հայտարարությունների, մամուլի ասուլիսի կամ ինչ-որ այլ կերպ: Ամեն դեպքում, այս ընթացքում անընդհատ խոսվեց այս այցի եւ նրա արդյունքների կարեւոր լինելու մասին, իսկ մեր քաղաքականացված հանրությունն ուշի-ուշով հետեւում է ու սպասում, թե «ինչ է գալու մեր գլխին»: Նախագահը, սակայն, որոշեց հանգստանալ: Ամենահետաքրքիրն այն է, որ արձակուրդ գնալու այդ որոշման մեջ ոչ ժամկետներ են հստակեցված՝ թե քանի օր է հանգստանալու մեր նախագահը, ոչ էլ վայրը, որը մեր նախագահը նախընտրել է իր հանգստի համար: Մինչդեռ պաշտոնական էթիկետը կարծես թե պահանջում է, որ այդ երկու, թեկուզ անկարեւոր հանգամանքները հստակեցված լինեն:

Այս հանգամանքներում հանգստի մեկնելը տարօրինակ համարեց նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը եւ ավելի պատկերավոր համեմատություն արեց՝ «եթե երկրի նախագահն անգամ փռշտում է, պիտի ասեն, որ մանկության ժամանակ գրիպ է տարել», բայց չցանկանալով խորանալ այդ խորհրդավորության «տխուր հետեւանքների» մեջ՝ կեսկատակ-կեսլուրջ նկատեց. «Գուցե այս դեպքում էլ մի թեթեւ լասվեգասյան այց է պլանավորել»: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն էլ բացառեց, որ այդ «արձակուրդին» Սերժ Սարգսյանը հանգստանալու է: Նա առավել տրամաբանական է համարում, որ այդ ընթացքում «ծածուկ բանակցություններ» են շարունակվելու: Ամեն դեպքում, չհասկանալով այս պահին արձակուրդի անհրաժեշտությունը՝ Երջանիկ Աբգարյանը նկատեց. «Կարելի էր մի քիչ մտածել եւ ավելի տրամաբանական պատճառաբանություն հնարել, որը քիչ թե շատ համոզիչ կլիներ, մանավանդ որ, իմ կարծիքով, վաշինգտոնյան հանդիպումները շարքային իրադարձություն չեն կարող լինել, եւ դրանցից հետո բացատրությունների եւ մեկնաբանությունների կարիք կա հենց իշխանության կողմից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել