Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

Ապրիլ 14,2010 00:00

Երեկվանից սկսել է սպառվել մեկշաբաթյա այն վերջնաժամկետը, որը տրված էր Վարչական դատարանին՝ ՀԱԿ-ի եւ ՀՀ քաղաքացիների հայցը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հայ ազգային կոնգրեսն ու որպես համահայցվոր հանդես եկած թվով 7230 քաղաքացիները դեռ ապրիլի 6-ին դիմել էին ՀՀ Վարչական դատարան՝ վիճարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 26-ին կայացրած որոշումը, որով բավարարվել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության առաջարկը, ու ապրիլի 1-ից 1խմ սպառված գազի սակագինը նախկին 96 դրամի փոխարեն սահմանվել էր 132 դրամ:

Գործող օրենսդրության համաձայն, Վարչական դատարանը հայցադիմումը ստանալու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է որոշում կայացնի հայցը վարույթ ընդունելու, այն մերժելու կամ վերադարձնելու մասին: Ասել է թե՝ երեկ լրանալու էր այն վերջնաժամկետը, երբ Վարչական դատարանը պետք է հիշյալ որոշումներից մեկը կայացներ եւ դրան հաջորդող եռօրյա ժամկետում հայցվորին տեղյակ պահեր: Երեկ, սակայն, Վարչական դատարանում հնարավոր երեք որոշումներից որեւէ մեկը չի կայացվել: Այս փաստը, սակայն, հայցադիմումի համահեղինակներից մեկի՝ փաստաբան Վահե Հովսեփյանի ասելով, առայժմ անհանգստացնող չէ, քանի որ թեեւ հայցադիմումը դատարանում մուտք է արվել ապրիլի 6-ին, «բայց հարցն այն է, թե դա ե՞րբ է մակագրվել դատական կազմին: Եթե դա մակագրվել է ապրիլի 7-8-ին, ուրեմն սահմանված 7-օրյա ժամկետը լրանալու է այսօր կամ վաղը»:

Փոխարենը փաստաբանը, որը դատարանում ներկայացնելու է նաեւ հայցվորների շահերը, արձանագրեց Վարչական դատարանի կողմից թույլ տրված դատավարական այլ խախտում: Խոսքը վերաբերում է հայցադիմումին կցված երկու միջնորդություններից մեկին, որով Վարչական դատարանին առաջարկվել էր, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցնել «ՀայՌուսգազարդին», որպեսզի ապրիլի 1-ից հետո սպառված գազի սակագինը նոր սակագնով առայժմ չհաշվարկվի, մինչեւ դատարանի կողմից հայցի վերաբերյալ որոշում կայացնելը: Վարչական դատարանը, փաստաբանի ասելով, այդ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է կայացներ միջնորդությունը ստանալու նույն օրը, ինչը չի արել: Փաստաբանը «Առավոտի» հետ զրույցում մատնանշեց «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 97-րդ հոդվածի («Հայցի ապահովման հիմքերը», որի համաձայն, «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում») 2-րդ կետը, որով այդօրինակ «միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, եւ կայացվում է որոշում»:

Վ. Հովսեփյանի ասելով, այս դրույթը կարելի է մեկնաբանել տարբեր տեսանկյուններից՝ այլ դրույթների համատեքստում, բայց որ տվյալ դեպքում խախտում կա, նա չի կասկածում՝ նկատի ունենալով հենց այն փաստը, որ գազի սակագնի բարձրացման մասին նորմատիվ որոշումը գազ սպառողների համար վատթարացնող պայման է պարունակում:

ՀԱԿ-ն ու ավելի քան 7000 համահայցվոր քաղաքացիներն իրենց հայցին կից Վարչական դատարանին էին ներկայացրել եւս մեկ միջնորդություն՝ խնդրելով դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով: Բանն այն է, որ «Վարչական դատավարության օրենսգրքի» «Հատուկ վարույթներ» բաժնի 135-րդ հոդվածի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործի վարույթը» նույն օրենսգրքի 138-րդ հոդվածով քննվում է «գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը»:

Փաստաբանի ասելով, ՀԱԿ-ի եւ 7230 քաղաքացիների հայցը հենց այդպիսի՝ հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ուստի՝ իրենք պահանջում են, որ Վարչական դատարանն այն քննի բանավոր ընթացակարգով: Վ. Հովսեփյանի փոխանցմամբ, այդ միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում պետք է կայացնի հայցը վարույթ ընդունելու մասին որոշման հետ միաժամանակ: Նրա համոզմամբ, Վարչական դատարանը որեւէ հիմք չունի իրենց հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու համար: Ինչ վերաբերում է հայցի վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելուն, ապա՝ համաձայն գործող օրենսդրության 139 հոդվածի, դա կարող է տեղի ունենալ «գործը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ քառամսյա ժամկետում»:

Հիշեցնենք, որ գազի սակագնի բարձրացման մասին որոշման օրինականությունը դատարանում վիճարկող գործը Վարչական դատարանը մակագրել է հինգ դատավորների՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի գլխավորությամբ: Հենց նա էլ առաջիկա 2 օրերի ընթացքում պետք է որոշում կայացնի հայցը վարույթ ընդունել-չընդունելու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել