Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Ապրիլ 14,2010 00:00

ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներին՝ նախ կեսկատակ ասաց. «Եթե ես լինեի Հանրապետական կուսակցությունից՝ կասեի, թե շատ դրական է, որ Օբաման հանդիպել է Սերժ Սարգսյանին, եւ շատ այլ երկրների ղեկավարների չվիճակվեց այդ բախտը»: Այս կապակցությամբ նա նաեւ հիշեցրեց մի անեկդոտ, երբ Աստված բոլոր երկրների նախագահներին պատվիրում է իրենց ժողովուրդներին նախապատրաստել 2 շաբաթ հետո աշխարհի վերջին: Եվ ՀՀ նախագահն այդ պատգամը նաեւ այսպես է փոխանցում, թե Աստված իրեն բարձր մակարդակով ընդունել ու առանձնազրույց է ունեցել. «Եվ շնորհավորում եմ՝ մինչեւ աշխարհի վերջը ես լինելու եմ ձեր նախագահը»:

Իսկ արդեն ավելի լուրջ՝ պրն Իգիթյանը նկատեց. «Թուրքիան գործընթացը տանում է այնպես, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն ուղղակի կապվի ԼՂ գործընթացի հետ: Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը հերթական դիվանագիտական սխալը գործեց, երբ համաձայնեց հանդիպել Էրդողանին առանց նախնական հայտարարությունների: Այսինքն՝ ինքը գոնե պետք է ասեր, թե այո՛, համաձայն եմ հանդիպման, բայց պատրաստ եմ դրա ընթացքում քննարկել միայն հայ-թուրքական հարաբերությունները եւ վե՛րջ: Փաստորեն ստացվեց, որ հանդիպման ժամանակ հիմնականում խոսվում էր, թե կողմերն ինչ պիտի անեն, որ Ղարաբաղի խնդիրն արագորեն լուծվի: Եվ չնայած Էրդողանն ասաց, թե հանդիպումից հետո հայտարարություն չի անելու՝ այդ հայտարարությունն արեց Դավութօղլուն: Ընդ որում՝ դա հերթական կոպիտ հայտարարությունն էր, որտեղ Հայաստանն էլի որակվում էր «օկուպանտ», եւ առաջընթացը դարձյալ ուղղակի ձեւով կապվում էր Ղարաբաղի խնդրի լուծման հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել