Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերն այսուհետ կհամակարգի միջգերատեսչական հանձնախումբը: Երեկ գումարված անդրանիկ նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնախումբը մշակելու է Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը, բայցեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ ապահովելու նրանց արդյունավետ աշխատանքը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է խթանել կապերը Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների ձեռնարկությունների միջեւ. «Դրա գլխավոր նպատակը մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն է, զինված ուժերն անհրաժեշտ տեխնիկայով ապահովումը: Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացումը նաեւ սոցիալական խնդիրներ կլուծի, կստեղծվեն նոր աշխատատեղեր»: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունների՝ Ռուսաստան եւ Բելառուս այցերից հետո արդեն գրանցվել են առաջին արդյունքները, այդ երկրների ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, տեղում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Ռազմաարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների միջեւ կապերն աշխուժացնելու որոշակի հիմքեր արդեն ստեղծվել են: «Կան համատեղ նախաձեռնություններ, եւ մենք աջակցելու ենք բոլոր ծրագրերի իրականացմանը: Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրում կուտակված ներուժ կա, պետք է լայնորեն օգտագործենք այն, որպեսզի ունենանք կայացած, զարգացած ռազմաարդյունաբերության համալիր»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս խնդիրները հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են: Նիստում որոշվել է երեք ամսվա ընթացքում մշակել եւ քննարկման ներկայացնել Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգային դրույթները: