Նկատի ունենալով Հայաստանի երեք նախագահներին՝ ասում է Արման Մելիքյանը՝ նրանց կոչ անելով ստանձնել մեղքի սեփական բաժինն ու սեփականության հարցերում համաձայնության գալ:
«Ես գտնում եմ, որ հայաստանյան երեք ղեկավարների նախկին եւ ներկա դիմակայությունը շատ պառակտիչ ազդեցություն ունի։ Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության, եւ այն քաղաքական թիմը, որը դա առաջինը կհասկանա, թերեւս ապագայում առավելություններ կունենա։ Առաջնորդվելով այն բացառիկ ստի, կեղծիքի սկզբունքներով, որոնք կիրառվել են առայսօր այդ քաղաքական պայքարում, այլեւս հնարավոր չէ»,- երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Բանախոսի մեկնությամբ, ճամբարներից յուրաքանչյուրը փորձում է հաստատել իր ճշմարիտ լինելը եւ խորտակել հակառակորդներին։ Մինչդեռ. «Իրականում այս երկիրը համատեղ ջանքերով ստեղծված պետական գոյացություն է, եւ բոլոր արատները նույնպես կամ փոխադարձ համաձայնությամբ ստեղծվեցին եւ առաջացան, կամ մի կողմի լռության եւ հանդուրժողականության պատճառով։ Ամեն դեպքում՝ բոլորն են մեղավոր, եւ այդ տեսանկյունից ասեմ, որ քաղաքական կոնսենսուսի հանգեցնելու անհրաժեշտություն կա։ Եվ սա այդ երեք՝ եւ գործող, եւ նախկին ղեկավարների պարտքն է։ Դժբախտաբար, տպավորությունն այն է, որ նրանք դրան պատրաստ չեն»,- ասաց Արման Մելիքյանը։
«Առավոտի» դիտարկմանը, որ վերջերս «Ժառանգությունն» էր համանման մի առաջարկ արել (խոսքը կլոր սեղանի առաջարկի մասին է)՝ հնարավորություններ տեսնո՞ւմ է բանախոսն այս հարցերի շուրջ «Ժառանգության» հետ որեւէ համագործակցության, Արման Մելիքյանը պարզաբանեց, որ իր եւ «Ժառանգության» մոտեցումները տարբեր են, քանի որ մատնանշելով ՀՀ երեք նախագահներին՝ ինքն այդ երեք քաղաքական թիմերին նկատի ունի. «Խնդիրն այն է, որ այդ քաղաքական օրակարգը 2-3 հենասյուների վրա պետք է խարսխված լինի, դրանց շուրջ համաձայնություն լինի, որի ավարտը պետք է դառնա լեգիտիմ իշխանության կայացումը: Այդ երեք քաղաքական թիմերի միջեւ ներքին կոնսենսուսի համար առաջնահերթը, կարծում եմ, սեփականության շուրջ ծավալվող վեճը կամ մրցակցությունն է: Իսկ այն, ինչն առաջարկվել էր «Ժառանգության» կողմից, ավելի շատ քաղաքական, ընթացիկ խնդիրների քննարկում էր, այլ ոչ ռազմավարական»: Ելնելով մի շարք հանգամանքներից՝ Արման Մելիքյանը գտնում է, որ «Ժառանգության» առաջարկն իրականանալի չէ:
Նա նաեւ դեմ է իշխանափոխությանը՝ «ճղճղան, փողոցային, գավրոշության» եղանակով: Ուստի ասում է, որ պետք է նախընտրելի լինեն մեթոդներ, որոնք նաեւ երկխոսություն կնախատեսեն երկրի շահերի ընկալմամբ, այլ ոչ թե ներխմբային: «Լեգիտիմ իշխանությունը առավելություն ունի։ Այն կարող է իսկապես հենվել ժողովրդի վրա, հենվել նաեւ իր ընդդիմության վրա, որովհետեւ լեգիտիմ իշխանությունը ճանաչված իշխանություն է. ճանաչված է նաեւ ընդդիմության կողմից։ Լեգիտիմ իշխանությունը փոխգործակցության լայն հնարավորություններ կընձեռի նաեւ ընդդիմադիր դաշտի, հասարակական կազմակերպությունների համար»,- համոզված է Ա. Մելիքյանը: