Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԱՐԺԵՔ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻՆ

Ապրիլ 14,2010 00:00

\"\"Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո Սերժ Սարգսյանի ելույթի մասին ասում է ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը:

– Ըստ «Sabah» թերթի՝ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերը միասնական եզրահանգման են եկել հայ-թուրքական արձանագրությունների կենսագործումը արագացնելու հարցում, եւ երկու երկրների նախարարները շարունակելու են աշխատանքներն այդ ուղղությամբ: Արդյոք հավատարժա՞ն է թուրքական մամուլի այս արտահոսքը:

– Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ մինչ այդ՝ չի կարելի հավատ ընծայել որեւէ վերլուծականի կամ արդյունքների մասին ինչ-որ տեղեկությունների:

Բայց փաստ է նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աննախադե՛պ ելույթ ունեցավ՝ այցելելով Վուդրո Վիլսոնի շիրիմին: Որպես պատմաբան՝ ինքս միշտ երազել եմ, որ ՀՀ նախագահն այցելի Վիլսոնի շիրիմին եւ նման ելույթ ունենա, քանի որ Վիլսոնը հայ ժողովրդի կյանքում այն եզակի անձնավորություններից է, որն իսկապես հասկացավ մեր դատի բարոյական նշանակությունը, համամարդկային ողբերգության չափերը եւ կարողացավ իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի այդ պատասխանատվությունը եւ պատասխանատվության համար հատուցումը ստանա միջազգային շարժման նշանակություն: Այս իմաստով՝ լիարժե՛ք հավանություն ենք տալիս ՀՀ նախագահի ելույթին եւ այն արժեւորումներին, որոնք կատարվեցին: Քանի որ թուրքական քարոզչամեքենան անցած 1,5 տարում ամեն ինչ արեց, որպեսզի առանձնացնի մեր ազգի երկու հատվածները՝ հայրենիքի հայություն, որն իբրեւ թե մի արժեհամակարգով է ապրում, եւ սփյուռքահայություն: Իմիջիայլոց, դա որոշակի ձեւով հաջողվեց՝ որոշակի մտայնություններ ստեղծելով նաեւ ներհայկական կյանքում: Ելույթում նաեւ այս իմաստով հստակություններ մտցվեցին:

– Վաշինգտոնի մայր տաճարում Սերժ Սարգսյանի խոսքում որոշակի տեղեկատվություն կար. «Ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել ու մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»: Արդյոք այս հաստատումները վկայություննե՞ր չեն, որ հենց այս խնդիրներին է անդրադարձ եղել հանդիպման ընթացքում:

– Իհարկե, կարելի է ենթադրել: Բայց իբրեւ քաղաքականությանը մաս կազմող կուսակցության ներկայացուցիչ՝ նաեւ ասեմ, որ մենք ունենք ոչ միայն այդ ելույթի արտահայտությունները, այլ նաեւ ՀՀ նախագահի ուղերձը, որն ունի ներքին օրենսդրական նշանակություն, եւ որտեղ այդ նույն սկզբունքները բերված են: Ունենք նաեւ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն արձանագրությունների վերաբերյալ, որտեղ եւս ամրագրված են այդ սկզբունքները: Եվ ՀՀ նախագահը հերթական անգամ, քանի որ նորից շատ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցին կարծիքներ, թե պատմական ենթահանձնաժողովը պիտի քննարկի Ցեղասպանության հարցը եւ այլն՝ Սերժ Սարգսյանն այստեղ հստակ պատասխան տվեց, որն, իմ կարծիքով՝ միանշանա՛կ դրական է ու նաեւ հստակեցնում է բանակցությունների դաշտը: Այսինքն՝ եթե բանակցային կողմերն ինչ-ինչ տեղերում ունեին թյուրըմբռնումներ՝ սրանք, ըստ էության, կարելի է ընդունել իբրեւ ՀՀ նախագահի կողմից կատարվող հաստատումներ, որոնք կա՛մ պիտի հեշտացնեն բանակցային գործընթացը՝ հստակեցումների իմաստով, կա՛մ պիտի ավելի ծանր խոսակցություն ակնկալվի երկու երկրների միջեւ: Իմ խորին համոզմամբ՝ այս ելույթից, նաեւ Էրդողանի հաստատումներից հետո, որոնք միշտ տրամագծորեն հակառակ են եղել՝ ըստ էության, արդեն սպասվում է լուրջ խոսակցություն երկու երկրների միջեւ:

Եվ մի դրական պահ կա, որ այլեւս հնարավոր չէ այս հարցն օգտագործել մարտավարական նկատառումներով: Ե՛վ Ցեղասպանության հիմնախնդիրը, ե՛ւ Արցախի, ե՛ւ տարածքների հետ առնչվող խնդիրները որեւէ մի երկրի կողմից այլեւս չեն կարող օգտագործվել մարտավարական նպատակներով ինչ-ինչ առավելություններ արձանագրելու համար:

– Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնի Ջորջ Մեյսոնի համալսարանում հայտարարել է. «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանության մեղադրանքները եւ մերժում ենք խորհրդարանների միակողմանի որոշումները: Մենք գտնում ենք, որ պատմությունը պետք է ուսումնասիրեն ու գնահատեն պատմաբանները, այլ ոչ խորհրդարանները»: Արդյոք այս կտրուկ հայտարարությունները եւս անուղղակի վկայությո՞ւն չեն, որ հանդիպման ընթացքում եղել են կրիտիկական ինչ-որ զարգացումներ:

– Միանշանակ կարելի է գնահատել, որ կողմերը հստակեցնում են իրենց դիրքորոշումները, եւ կողմերի դիրքորոշումներն այդ հարցերում տրամագծորեն տարբերվում են իրարից: Սա փաստ է: Եթե ՀՀ նախագահը կատարում է մի հաստատում, իսկ Թուրքիայի վարչապետը կատարում է դրան տրամագծորեն հակառակ մեկ այլ հաստատում՝ սա նշանակում է, որ կողմերի դիրքորոշումները տարբեր են: Եվ ուրեմն, այժմ երկու ճանապարհ կա՝ կա՛մ իսկապես առանց նախապայմանների փորձել հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու կարգավորել սահմանի խնդիրը, եւ գնալ այս ծանր խոսակցության, կա՛մ արձանագրությունները, որպես այդպիսին, պետք է համարել ձախողված: Ինձ համար սա է այս ամենի հիմնական ուղերձը:

Հ. Գ. Ապրիլի 12-ին Վաշինգտոնում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հայկ Օշականի, Վիգեն Հովսեփյանի, Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի հետ: Ըստ «Երկիրի»` քննարկվել են հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին եւ դրանց ամրապնդման գործում Սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր: Նախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել