Այսպես որակեց Թուրքիայի ԱԳ նախարարի որոշ հայտարարություններ ՀՀԿ մամուլի խոսնակը
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել էր. «Մեր վարչապետը խիստ շահագրգռված է, որպեսզի բացատրի Հայաստանի առաջնորդին ԼՂ հակամարտության նրբությունները։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը կովկասյան խնդիրների լուծման անքակտելի մասն է, եւ խոսք անգամ լինել չի կարող Ադրբեջանը գործընթացից բացառելու մասին։ Թուրքիայի համար դա անթույլատրելի է։ Նախքան ԱՄՆ այցելելը՝ ես հանդիպել եւ խոսել եմ ադրբեջանցի դիվանագետների հետ։ Մեր ներկայացուցիչն այցելել է Բաքու եւ Երեւան։ Մենք հաճախ ենք նրանց հետ կապվում։ Թուրքիայի համար շատ կարեւոր է Օբամայի վարչակազմի ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցի վրա։ Ուզում եմ կրկնել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ մեկտեղ՝ Ցյուրիխյան արձանագրությունների գլխավոր թիրախներից մեկը Ադրբեջանի հողերի ազատագրումն է։ Մենք կպահպանենք խաղաղության հեռանկարը, սակայն ոչ մեկին թույլ չենք տա ճնշում գործադրել Թուրքիայի վրա այն հարցերում, որտեղ մենք չենք կարող զիջումների գնալ։ Հույս ունենք, որ գործընկերները ստացել են մեր մեսիջն այդ հարցի շուրջ։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում չի կարող լինել միակողմանի խաղաղություն»։
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հակադարձելով թուրք պաշտոնյային՝ ասաց. «Չէինք ցանկանա, որ Թուրքիայի արտգործնախարարը այդքան անհեռատես ու ոչ պրոֆեսիոնալ գտնվի, որ նմանատիպ արտահայտություններ անի: Թուրք արտգործնախարարը կամ ուղեղի զեղում ունի, կամ հիվանդ երեւակայության մեջ է ընկել, որովհետեւ որեւէ մեկը չի կարող ոչ Հայաստանի եւ ոչ էլ ԱՄՆ ղեկավարության հետ խոսել բացատրական տոնայնությամբ ու մանավանդ հարցազրույցներում ասի՝ մենք Հայաստանի ու ԱՄՆ ղեկավարին կբացատրենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա կոռեկտությունից դուրս է եւ բացահայտ անգրագիտություն է ու լկտիություն»:
Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց կրկին, արդեն չգիտեմ որերորդ անգամ, կրկնել, որ հայ-թուրքական արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա, եւ այս երկու գործընթացները իրարից անկախ են: Նաեւ հավելեց, որ այդ մասին արդեն իսկ հայտարարել է եւ ՀՀ նախագահը, եւ ՌԴ վարչապետը, եւ ԱՄՆ նախագահ Օբաման: Պարոն Շարմազանովը իր հերթին դիմեց Թուրքիային. «Թուրքիան շատ լավ պետք է գիտակցի, որ Ցյուրիխյան արձանագրություններում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Եվ եթե Թուրքիայի արտգործնախարարը այդպես է ասում, ապա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պարոն Դավութօղլուն առաջին անգամ է կարդացել արձանագրությունները: Շատ ավելի լավ կլիներ անպտուղ խոսելու փոխարեն վավերացնեին արձանագրությունները եւ իրենց վրայից պատասխանատվությունը չգցեն»: Էդուարդ Շարմազանովն ասաց նաեւ, որ «Թուրքիան լավ կանի քիթը չխոթի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մեջ, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ Թուրքիան պետք է հասկանա, որ ոչ Հայաստանը եւ ոչ էլ այս խումբը թույլ չեն տա, որ ինքը որեւէ մասնակցություն ունենա գործընթացում»: Հակադարձելով Թուրքիայի ԱԳ նախարարի նաեւ այն մտքին, թե ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք չի արտասանել ցեղասպանություն բառը, երեկ մեր թերթի միջոցով հիշեցրեց, որ ԱՄՆ 50 նահանգներից 42-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը արտասանել է ցեղասպանություն բառը:
Թուրք պաշտոնյայի այս հայտարարությունները, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ում այդ երկիրը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել. «Այդ ջղաձիգ արտահայտությունները պայմանավորված են նրանով, որ Վաշինգտոնում Թուրքիան դժվար վիճակի մեջ է հայտնվել»: ՀՀԿ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հարկ համարեց շեշտել նաեւ հետեւյալը. «Մեր երկրի նախագահը հստակ ասել է, որ ոչ ոք չի կարող Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել»: