Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ

Ապրիլ 13,2010 00:00

Երեկ լուսադեմին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Մինսկում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադարձան Երեւան: Չնայած ուշ ժամին եւ անձրեւոտ եղանակին, նրանց դիմավորելու համար հարյուրավոր մարզասերներ էին եկել «Զվարթնոց» օդանավակայան:

Մեր երկու թիմերը (2 աղջիկ եւ 6 տղա) ընդհանուր առմամբ նվաճեցին 19 մեդալ՝ մեկով ավելի, քան Հին աշխարհամասի նախորդ առաջնությունում: Մեր մարզիկների ելույթների գնահատականն իմանալու նպատակով հենց օդանավակայանում զրուցեցինք մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:
– Որ նախորդ տարվա համեմատությամբ անհատական մասնակցության արդյունքը գերազանցվել է՝ բոլորն արդեն գիտեն: Թիմային հաշվարկների մասին ի՞նչ կասեք:
– Նախ, մեր երկու հավաքականներն էլ հանդես էին գալիս թերի կազմերով, ութ տղայի փոխարեն՝ վեց, յոթ աղջկա փոխարեն՝ երկու: Այս առումով ընդհանուր արդյունքը ավելի քան գոհացուցիչ է, ես կասեի՝ գերազանց: Եթե առանձին-առանձին ներկայացնելու լինենք, վաստակած մեդալների հաշվարկով՝ 7 ոսկի, 5 արծաթ եւ 1 բրոնզ, տղաները դարձան թիմային հաղթող, բայց միավորներով գրավեցին չորրորդ, իսկ երկու աղջիկները 3-ական արծաթե եւ բրոնզե մեդալներով՝ հինգերորդ տեղը: Սակայն վստահաբար կարելի է ասել, որ մեր ոսկիների քանակն ավելի շատ կլիներ, եթե 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի հետ մրցավարները մի փոքր արդար վարվեին, քանի որ բելառուսցի Վիտալի Դերբենյովը հրում վարժության իր վերջին մոտեցումը միանշանակ չֆիքսեց: («Առավոտի» տեղեկություններով, այդ օրը դահլիճում է եղել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ում ներկայությունն էլ ազդել է մրցավարների, հետեւաբար նաեւ՝ պայքարի վերջնական արդյունքի վրա: Ա. Հ.):
– Քանի որ անցանք անուններին, գնահատեք մեր ծանրորդների անհատական մրցելույթները:
– 20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը գերազանցեց ինքն իրեն ոչ միայն երկամարտում դառնալով Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, այլեւ 432 կգ-ով Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ սահմանելով: Նա մեծ ոսկու համար գրոհեց 246 կիլոգրամը, քաշ, որին երբեք չէր մոտեցել: Եվ ինչպես, հավանաբար, բոլորն են տեսել, գրեթե բարձրացրել էր: Չստացվեց: Բայց ոչինչ: Մենք չենք շտապում: Նա ծանրամարտի համար դեռ շատ երիտասարդ է ու իր ծանրակշիռ խոսքը դեռ անպայման կասի, անգամ՝ ավելի հեղինակավոր մրցումներում: Իսկ այն, որ նա լալիս էր, դա երեխայության եւ մարզական հասուն չարության հետեւանք է:
Տիգրան Մարտիրոսյանի մասին, կարծում եմ, ասելիք չկա: Նա մրցակցությունից դուրս էր, դրա համար էլ հանդես եկավ իրական հնարավորություններից ցածր:
Ծաղկալանջցի Գեւորգ Պողոսյանի չեմպիոնի կոչումը ուրախացնող է, սակայն որպես մասնագետ եւ նրա ունակություններին քաջատեղյակ մարդ, պիտի ասեմ, որ ցույց տված կիլոգրամներից գոհ չեմ: Եթե կրկներ մարզումների ցուցանիշները, առավել եւս գոնե մեկ կիլոգրամ գերազանցեր, մենք՝ ֆեդերացիան եւ մարզիչները հաջորդ մրցումներում կողմնորոշվելու ավելի լայն հնարավորություն կունենայինք, քանի որ նույն քաշային կարգում նրան չնչին զիջելով փոխչեմպիոն դարձավ Արա Խաչատրյանը: Արայի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Նա երկու տարի մրցման չէր ելել, այդ ընթացքում ծնկի երեք վիրահատություն էր ունեցել եւ այս ամենին ավելացրած՝ առաջին անգամ պայքարում էր մեկով ավելի բարձր՝ 85 կգ կարգում: Նա դեռ չի հարմարվել այս նոր \"\"քաշին: Բայց ծանրորդը ծանրամարտում դեռ խոսք ասելու տեղ ունի:
Միակ մարզիկը, որ մեդալ չնվաճեց՝ Արթուր Բաբայանն է: Բայց նրա պարագայում գնահատման չափորոշիչը ոչ թե մեդալն է, այլ այն, որ նրա 5-րդ տեղը սպասվածից գուցե նաեւ բարձր է, իսկ կիլոգրամները 12-ով ավելի՝ իր վերջին պաշտոնական մրցման հետ համեմատած:
Կրկին անդրադառնալով Սմբատ Մարգարյանին՝ տեղեկացնեմ, որ նա Բելառուսում Եվրոպայի երկու ռեկորդ սահմանեց՝ պատանիների եւ երիտասարդների:
Աղջիկների մասին: Մելինե Դալուզյանը, առաջին անգամ հանդես գալով 69 կգ քաշային կարգում, գերազանցից էլ բարձր մասնակցեց՝ նվաճելով երեք արծաթե մեդալ: Պեկինի օլիմպիական խաղերից առաջ ծանր հիվանդանալուց հետո մոտ երկու տարի, ինչպես ասում են, խելքի չէր գալիս: Փառք Աստծո, Մինսկում մենք տեսանք առաջվա, մեր ճանաչած Մելինեին: Նրա 115 եւ 145 կգ-ները անցած տարվա աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակրի արդյունքն են: Մենք նրանից ավելին ենք սպասում ու կարծում ենք, որ աշխարհի առաջնությունում սպասումները կարող են արդարանալ:
\"\"Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է անպայման քաշը փոխի եւ անցնի +75 կգ: Այս Եվրոպայից առաջ մարզիչներն ու ֆեդերացիան նրան դա առաջարկել էին: Բայց չլսեց: Նա յոթ կիլոգրամ քաշ է գցել: Իսկ ամեն անգամ դրանից հետո հոդերն սկսում են ցավել, ինչը, բնականաբար, խանգարում է արդյունքներին: Եթե Հռիփսիմեն Մինսկում հանդես գար նշածս քաշային կարգում, երկամարտի 273 կգ-ով արծաթե մեդալի կարժանանար, այլ ոչ թե բրոնզի: Էլ չեմ խոսում ավելիի հույսի մասին: Ես նրա վրա բարկացած եմ:
– Մելինեի եւ Արայի վերականգնումն ինչո՞ւ այդքան դժվար եղավ:
– Պիտի պատասխանեմ անկեղծ, որքան էլ խոսքերիս այլ նշանակություն տան: Նրանց միայն առողջականը վերականգնելու գործում անգնահատելի ծառայություն ունի ՀԱՕԿ-ի նախագահը: Գագիկ Ծառուկյանի անձնական ֆինանսավորման շնորհիվ հնարավոր եղան Արայի երեք բարդ վիրահատությունները Մոսկվայի լավագույն կլինիկաներում, Մելինեի բուժումը Հայաստանի սահմաններից դուրս: Դրանք այնքան բարձր մակարդակով էին կազմակերպված, որ մարզիկները վերադարձան մեծ սպորտ, իսկ այսօր այսքան ուրախություն ու հպարտություն պարգեւեցին հայ մարզասերներին:
– Աշնանը կայանալու է աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է եւ անհրաժեշտ է ամբողջական թիմերով մասնակցել: Տղաների հավաքականը, կարծես, կայացած է: Աղջիկների մասին ի՞նչ կասեք:
– Հավանաբար, կարծում եք, թե Նազիկ Ավդալյանից, Մելինեից ու Հռիփսիմեից բացի, ուրիշ մարզուհիներ չունենք: Դա այդպես չէ: Կան աղջիկներ, որոնք, չզարմանաք, գուցե արդեն այս տարի, իսկ որ ավելի հավանական է՝ 2011 թվականին իրենց մասին խոսել կտան:
– Աշխարհի առաջնությանը մասնակցող մեր հավաքականների նախնական կազմերը այժմվանից մոտավորապես հայտնի՞ են:
– Ոչ: Ամեն բան կորոշվի ամռանը՝ Հայաստանի գավաթի առաջնությունից հետո: Դա է լինելու որոշիչը: Իսկ մինչ այդ ուսումնամարզական հավաքներ, էլի միջազգային մրցումներ կան: Հավաքականներ կընդգրկվեն նրանք, ովքեր անհրաժեշտ արդյունք ցույց կտան ու կապացուցեն, որ իրենք են արժանի:
– Այսինքն՝ հնարավոր է, որ մեր անվանիները տեղից զրկվե՞ն:
– Չի բացառվում: Գեւորգ Դավթյանը, մեծ Տիգրան Մարտիրոսյանը նորից սկսել են մարզվել, Առաքել Միրզոյանը շարունակում է առանձին ծրագրով մարզվել, իսկ Նազիկ Ավդալյանը բուժում է ձեռքի վնասվածքը: Բայց ոչ ոքի համար հավաքականում մշտական տեղ չկա: Նրանց քաշային կարգերում թիկունքից եկող շնորհալի տղաներ կան, որոնք արդեն պատրաստ են ձեռնոց նետել: Այսինքն, ամեն բան իրենց՝ ծանրորդների ձեռքում է: Ով ավելի լավը եղավ, նա էլ կմեկնի Անթալիա:
– Ծանրորդների քաշային նոր փոփոխություններ լինելո՞ւ են:
– Հռիփսիմեի մասին ասացի: Գեւորգ Պողոսյանն անպայման անցնելու է 94 կգ: Նազիկի՝ 75 կգ քաշային կարգ տեղափոխվելու մասին դեռ պետք է մտածել: Նա 69-ում իրեն գերազանց է զգում, բայց հետագայում Մելինեի հետ մրցակցությունում կարող է լուրջ բարդություններ ունենալ:
– Երեւանում միջազգային մրցումներ նախատեսվո՞ւմ են:
– Մինսկում Եվրոպայի ֆեդերացիայի նիստում հայտարարվեց, որ եկող տարվա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը մեզ մոտ նշանակելու որոշումը կայացված է: Մնում է, որ մեկ ամսվա ընթացքում մեր երկիրը վերջնական պատասխան տա: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանն էլ իր հերթին առաջարկեց, որ 2012-ին աշխարհի պատանիների առաջնությունն անցկացվի մեզ մոտ: Նախապես առաջ չանցնեմ, բայց հակված եմ ենթադրելու, որ այդ երկու առաջնություններն էլ մենք կարող ենք ընդունել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել