Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդականը՝ երիտասարդներին ու տարեցներին

Ապրիլ 13,2010 00:00

Հերթական բարեգործական համերգը

Ջութակահար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից 2005թ. հիմնած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեությունը լի է հիշարժան էջերով, որոնց զգալի մասն են կազմում համատեղ ելույթները դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներ Վլադիմիր Սպիվակովի, Դենիս Մացուեւի, Գրիգորի Ժիսլինի, Վադիմ Ռեպինի, Միշել Լեգրանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի եւ այլ հռչակ վայելող երաժիշտների հետ: Նվագախումբը համատեղ համերգներով հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիեւի գլխավորությամբ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանն էլ ղեկավարել է հանրահայտ այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են Անգլիայի կամերային, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբերը եւ այլն: Վերջերս՝ փետրվարին, դիրիժորը պատիվ ունեցավ հանդես գալու Վինձորյան պալատում՝ արքայազն Չարլզի նախաձեռնած համերգին, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նվագախումբն իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ելույթներ մանկատներում, ծերանոցներում եւ բարեգործական այլ միջոցառումներ:
«Առավոտը» օրերս ներկա էր Կամերային երաժշտության տանը Երիտասարդականի հերթական բարեգործական համերգին, որի ունկնդիրների թվում էին Նորք-Մարաշի եւ 4-րդ գյուղի տուն-ինտերնատների բնակիչները: Ելույթներով մեծ տպավորություն թողեցին Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 6-րդ դասարանի երիտասարդ ջութակահարուհի Մարիամ Վարդանյանը (ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Տատյանա Հայրապետյանի դասարան) եւ Երեւանի կոնսերվատորիայի ուսանող, երգչուհի Մերի Մովսիսյանը (պրոֆեսոր Աննա Սարաջեւայի դասարան): Մեզ հետ զրույցում երաժշտագետ, պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը շռայլորեն արտահայտվեց ինչպես նվագախմբի, այնպես էլ մենակատարների մասին, հատկապես նշելով. «Ողջունելի է, որ նվագախումբը հնարավորություն է տալիս հասարակությանը ճանաչելու տաղանդավոր պատանի երաժիշտներին: Հիշում եմ՝ անցյալ տարի այս նվագախմբի հետ մենահամերգ ունեցավ մեր կոնսերվատորիայի երիտասարդ դաշնակահարուհիներից Անահիտ Առուշանյանը (պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի դասարան): Եվ, որ ամենակարեւորն է, նկատել եմ, որ նվագախումբը արտերկրյա եւ մարզային համերգային շրջագայություններից առաջ երկացանկը ներկայացնում է մեր երաժշտասերների դատին՝ կարծես հավանություն ստանալու համար, ինչը դարձյալ ողջունելի է»:
Իսկ երկացանկում ընդգրկված են համաշխարհային ու հայ դասականներից մինչեւ մերօրյա ժամանակակից ստեղծագործություններ, անգամ կատարվում են ուսանող կոմպոզիտորների գործեր: Դիտարկմանը, թե նման մասշտաբի գործունեություն միայն պետական աջակցությամբ, առանց հովանավորների, մեզանում գրեթե անհնար է, Ս. Սմբատյանը հայտնեց, որ նվագախումբը տարբեր տարիների ունեցել է աջակիցներ: Այս տարվանից Երիտասարդականին հովանավորում է «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ հանձին բարերար Ռալֆ Յիրիկյանի: Առաջիկա ծրագրերի մասին էլ նվագախմբի ղեկավարն ասաց, որ ապրիլի 21-ին Ազգային պատկերասրահում դասական երաժշտության հերթական միջազգային փառատոնի բացումը վստահված է իրենց, իսկ մայիսի 7-ին իրենք կմասնակցեն Վալերի Գերգիեւի հիմնած մոսկովյան Զատկի փառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել