Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԻԿ ՎՈԿԱԼԸ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ

Ապրիլ 13,2010 00:00

«Նովայա վոլնա» նախընտրական «շեմը» հաղթահարած մասնակիցներին խորհուրդ տվեցին ինքնատիպ լինել

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների եւ մանկական «Նովայա վոլնայի» մրցույթների ազգային նախընտրական փուլը: Այդ առիթով Երեւանում էին «Նովայա վոլնա» մրցույթի տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը եւ երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովը: Մանկական «Նովայա վոլնայում» կատարողները բաժանված էին երկու տարիքային խմբի՝ 8-12 եւ 13-15 տարեկան:
8-12 տարիքային խմբում ժյուրին ընտրեց երեք մասնակից՝ Նադեժդա Սարգսյան, Մասիս Մինասյան, Վլադիմիր Արզումանյան: Այս տարիքային խմբի հաղթողները կմասնակցեն նախ Մոսկվայում կիսաեզրափակիչ փուլին եւ նրանցից միայն մեկը կմեկնի «Արտեկ» ճամբար:
Այլ է պատկերը 13-15 տարեկանների մոտ: Այստեղ հաղթող ճանաչվեց «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը: Ժյուրին որոշեց, որ խումբը չի մասնակցի կիսաեզրափակիչ փուլին: Փոքրիկ ռոքերները միանգամից կմեկնեն «Արտեկ»: Կուլիսներում, իհարկե, արցունքներ էլ կային: «Ոչինչ, ցավդ տանեմ, մյուս տարի կմասնակցես»,- հնչում էին նաեւ այսպիսի  ռեպլիկներ:
Եվգենի Օռլովը, ով մանկական «Նովայա վոլնայի» պատասխանատուն է, մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է փոքրիկների այդ արցունքներին:
Նա նշեց, թե ընդհանրապես պատահում  է, որ բողոքեն նաեւ ծնողները. «Բանն այն է, որ յուրաքանչյուր ծնողի համար ամենատաղանդավորը հենց իր երեխան է»:
«Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների մրցույթում, որին մասնակցում էին 16-30 տարեկաններ, հաղթող ճանաչվեցին Անի Արզումանյանը եւ Սոնա Շահգելդյանը: Նրանք կմեկնեն Մոսկվա՝ կիսաեզրափակչին, եւ երգչուհիներից միայն մեկը կմասնակցի եզրափակիչ փուլին, որը կկայանա Յուրմալայում:
Երգչուհի Անի Արզումանյանը այս տարի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա հայտնություն: Անին ժյուրիի կայացած որոշումից անակնկալի եկավ: Նշենք, որ նա ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, մասնակցել  մի շարք երաժշտական մրցույթների: Ժյուրիի համակրանքը Անին շահեց իր ինքնատիպ երկացանկով, որում տեղ էին գտել Ռեյ Չարլզի, Սթիվի Ուանդերի, «Բիթլզի» կատարած երգերից:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ժյուրին կայացրել է արդար որոշում եւ նա պարտվելու անգամ կասկած չուներ: Սոնան բավական մարտական էր տրամադրված, թեեւ փոքր-ինչ շփոթված էր:
Մրցույթի հաղթողների որոշումից հետո, երգչուհիների հետ կուլիսներում հանդիպեց Եվգենի Օռլովը, ով պրոֆեսիոնալ դիտողություններ արեց նրանց՝ կիսաեզրափակչին էլ ավելի լավ ներկայանալու համար: Նա Անիին եւ Սոնային խորհուրդ տվեց հարստացնել երգացանկը, մանավանդ՝ Օռլովի խոսքով, այս տարի Յուրմալայում մրցակցությունը մեծ է, բացի հզոր վոկալից, յուրաքանչյուր մասնակցից ինքնատիպություն է պահանջվելու:
«Նովայա վոլնա» մրցույթի տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւին գոհացրել էին հայ կատարողները: Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում այսքան լավ կազմակերպված նախընտրական փուլ չի մտաբերում: Ռումյանցեւը նույնիսկ ցանկություն հայտնեց բեմից դեկորները պոկել եւ տեղափոխել Յուրմալա: Մրցույթից ձեռնունայն հեռացող մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ: Ա. Ռումյանցեւը դիմելով նրանց՝ ասաց, որ չհուսահատվեն եւ փորձեն էլ ավելի համարձակ լինել ու ներկայանալ հաջորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել