Վրաստանից Իսրայել մեկնած մի քանի տասնյակ վրացի ուխտավորներ այդ երկրում քաղաքական ապաստան են խնդրել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Վրաստանի քաղաքացիները Իսրայել էին մեկնել Զատիկի տոնակատարություններին մասնակցելու եւ «սրբավայրեր այցելելու» նպատակով: Աղբյուրի մատուցմամբ, խոսքը սոցիալապես ապահովված մարդկանց մասին է, որոնք բացառիկ շրջագայություն էին պատվիրել եւ բնակվում էին Իսրայելի բարձրակարգ հյուրանոցային համարներում ու Իսրայել հասնելուն պես ուղեւորվել էին այդ երկրի միգրացիոն ծառայություն: Նրանք քաղաքական ապաստան են խնդրել՝ պնդելով, թե Վրաստան վերադարձվելու դեպքում իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: «Ուխտագնացների» ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխարենը հայտնի է, որ նրանք 45-50 հոգի են: Իսրայելում Վրաստանի հյուպատոս Իրակլի Ադվաձեն շեշտել է, որ իր հայրենակիցների խնդրանքը կարող է քննարկվել երեք ամսվա ընթացքում: