Երկուշաբթի օրը Հունգարիայի աջակենտրոն կուսակցությունը հայտարարել է ապրիլի 11-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կառավարության՝ սոցիալիստների նկատմամբ տարած իր հաղթանակի մասին: Ընտրությունների նախնական տվյալներով, քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում քաղաքական այս ուժը ստացել է հունգարական խորհրդարանի 386 մանդատներից 206-ը:
Վերջին ութ տարիների ընթացքում Հունգարիայում ընտրողների աջակցությունը ստացած սոցիալիստները նոր խորհրդարանում կունենան ընդամենը 28 տեղ, եւս 26 մանդատ կարող է բաժին հասնել աջ ազգայնական՝ «Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցությանը, որը հայտնի է իր հակասեմիտական հռետորաբանությամբ, նաեւ գնչուների հասցեին հնչող կտրուկ հայտարարություններով:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Հունգարիայի նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցության վերջնական պատկերը հայտնի կդառնա միայն ապրիլի 25-ին՝ ընտրությունների երկրորդ փուլից հետո:
Հավելենք միայն, որ ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդ, երկրի փոխվարչապետ Վիկտոր Օրբանը (նկարում) նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողներին խոստացել է իջեցնել հարկերն ու դրանով իսկ խթանել տնտեսության զարգացմանը: