Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

Ապրիլ 13,2010 00:00

Շաբաթ օրը Սմոլենսկի մոտ տեղի ունեցած Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը: Հուղարկավորության արարողությանը ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարներ: Այսուհանդերձ, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ ամսաթիվը կարող է փոփոխության ենթարկվել, քանի որ արարողությունը տեղի է ունենալու միայն այն բանից հետո, երբ Լեհաստան կտեղափոխվեն բոլոր զոհվածների աճյունները: «Ոչ ոք չի կարող պատկերացնել, որ նախագահը կհուղարկավորվի առանց իր տիկնոջ»,- հայտարարել է Սասինը: Հիշեցնենք, որ նախագահ Լեհ Կաչինսկիի տիկնոջ՝ Մարիա Կաչինսկիի դին դեռեւս չի ճանաչվել:
Մինչ այդ, ապրիլի 11-ին, Սմոլենսկի «Սեվերնի» օդակայանում տեղի է ունեցել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի հետ հրաժեշտի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Լեհաստանի նախագահին Սմոլենսկում ճանապարհել են զինվորական բոլոր պատվիրաններին համապատասխան: Վարշավայում, Օկենչե զինվորական օդակայանում Լեհաստանի նախագահի դին դիմավորել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկին, նախագահի երկվորյակ եղբայրը՝ Յարոսլավ Կաչինկսին եւ պետական ու քաղաքական այլ գործիչներ: Ավիավթարի արդյունքում բոլոր զոհվածների մարմինները տեղափոխվել են Մոսկվա՝ ճանաչման նպատակով, ուր ժամանում են նաեւ զոհերի հարազատները: Աղբյուրի տվյալներով, առանց որեւէ խնդրի հնարավոր է ճանաչել զոհվածներից 14-ի դին, եւս 20-ը կարող են ճանաչվել դատական մասնագետների կողմից նույնականացման, իսկ մյուսների աճյունները՝ միայն ԴՆԹ-ի միջոցով:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին եւ լեհական պատվիրակության անդամները Սմոլենսկ էին ժամանել 1940թ.-ին Ստալինի կողմից Կատինում լեհ մտավորականների եւ սպաների վերնախավի զանգվածային ոչնչացման տարելիցի կապակցությամբ: Ավիավթարի արդյունքում զոհվել է 96 մարդ, այդ թվում նաեւ՝ Լեհաստանի Սեյմի փոխնախագահը, Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը, նախագահի աշխատակազմի աշխատակիցները, ԱԳ փոխնախարարը եւ այլ պաշտոնատար անձինք: Զոհվել են նաեւ Սեյմի 15 պատգամավորներ, Լեհաստանի մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցիչ Յանուշ Կոխանովսկին, Լեհաստանի ԶՈՒ 6 նախկին ներկայացուցիչներ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը ուժեղ մառախուղն է եղել, որի պատճառով վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է ծառերին ու թռիչքուղի չհասած՝ ընկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել