Շաբաթ օրը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատողները կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին: Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում՝ քարերից տարածքի մաքրման եւ հողի փխրման աշխատանքներին: «Կանաչ սերունդ» քարոզարշավի հիմնական՝ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի եւ ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը: Ծառերը բնության թոքերն են: Ծառատունկին կամավոր հիմունքներով պարբերաբար մասնակցելով՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ Հայաստանի հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով պետք է պայքարել շարունակվող անտառազրկման դեմ՝ երկրում տնկելով որքան հնարավոր է շատ ծառ: Հատկապես երեխաների եւ երիտասարդների ներգրավումն այս գործում, կազմակերպիչների համոզմամբ, նպատակ ունի ծառատունկերին մասնակցությունը դարձնել շարունակական երեւույթ: