Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթական բարեփոխումները շարունակվում են

Ապրիլ 13,2010 00:00

Մեկնաբանում է ԿԳ նախարարը

Առաջիկայում հայկական մանկավարժական բուհերում ներդրվելու են եվրոպական բուհերի կրթական ծրագրեր: Երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նաեւ հավելեց, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բարձրագույն կրթության բնագավառում նախատեսված այս բարեփոխումները ենթադրում են. «Մեր բուհերը պետք է գտնեն արտասահմանյան մանկավարժական որեւէ ուժեղ բուհ՝ գործընկերության ծրագիրը 3 տարվա համար իրականացնելու համար»: Նրա խոսքով, արդեն 6 երկրների 10 բուհերից ստացել են հայկական բուհերի հետ համագործակցելու հայտեր: Ըստ նախարարի, այս տարի բուհերում նաեւ հակակոռուպցիոն լուրջ միջոցառումների շարք են իրականացնելու. «Կոռուպցիոն դրսեւորումները համատարած են, եւ այստեղ կարեւոր է, որ մեր ռեկտորների հետ միասին ունենանք գործողությունների հստակ ծրագիր, թե յուրաքանչյուր բուհի ինչ կոռուպցիոն մարտահրավերներ են սպառնում եւ ինչ քայլեր են անհրաժեշտ դրանք նվազեցնելու համար»:
Պարոն Աշոտյանը նաեւ ասաց, որ առայժմ հետաձգվել է գիտական աստիճանների շնորհման կարգի իրականացման ժամկետները. «Մտածել ենք մի քիչ ոտքներս կախ գցել գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխությունների հետ կապված, քանի որ գիտության կառավարման հետ կապված հսկայական փաթեթ ունենք, այսինքն՝ համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առջեւ»:
«Առավոտի» խնդրանքով՝ նախարարը գնահատեց ոլորտում կատարած բարեփոխումների այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները. «Իհարկե, մենք կարող էինք ավելի լավ աշխատել, բայց պետք է արձանագրեմ՝ այն ինչ արել ենք՝ արել ենք որակով… Այդ բարեփոխումները ամենօրյա աշխատանք են եւ այժմ անհամեստություն կլինի, եթե գնահատականներ հնչեցնեմ»: Նախարարից հետաքրքրվեցինք, թե «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունը ի՞նչ նպատակ ունի եւ կատարված լրացումները ի՞նչ են նախատեսում: «Սրանով ենթադրվում է, որ մենք կարող ենք Հայաստանում ունենալ այլալեզու հանրակրթություն: Ինչի՞ համար է սա արվում, մեր հիմնավորումները ազնիվ են եւ պարզ՝ մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են, որ իրենց երեխաները ստանան այլալեզու կրթություն, մենք ցանկանում ենք ասել, որ դա օրենքով թույլատրելի է… Խոստովանենք՝ այսօր օտար լեզու իմանալը խիստ կարեւոր է; Այնպես որ, այդ քայլը նորաձեւություն կամ քմահաճույք չէ, նախ եւ առաջ մրցունակ լինելու խնդիր է»,- հայտնեց պարոն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կշարունակվի ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը, գործող 48 դպրոցին այս տարի կմիանա եւս 44-ը. «Այս ծրագիրն ավելի վաղ պետք է իրականանար, բայց ներկայացված դպրոցները չեն բավարարել մեր առջեւ դրված չափորոշիչներին: Օրինակ, առաջին ցանկով մեզ ներկայացվել էր 36 դպրոց, այն դեպքում, երբ այս տարի պետք է ունենանք 44-48 ավագ դպրոց: Ըստ էության, այդ ցանկը չէր կարող հավանության արժանանալ, եւ մենք հետաձգել ենք որոշման ընդունման ժամկետը, որպեսզի հավելյալ ժամկետում ապահովենք բարեփոխման ամբողջ ծավալն ու ընտրենք ավագ դպրոց լինելու հարմար դպրոցներ»: ՀՀ կառավարության որոշմամբ, արդեն հաստատվել են Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասնագիտությունների հեռավար ձեւով ուսուցման կարգը եւ 2010-2011թթ. ուստարվա ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը, ինչպես նաեւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել