Վայոց ձորի մարզի մանկապարտեզներում կատարված ստուգումները խախտումներ են բացահայտել
Նախադպրոցական կրթական հաստատությունների մեծամասնությունում գոյություն ունեցող անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Խնդիրն ավելի սուր է դրված հատկապես մարզերում. կան գյուղեր, որտեղ ընդհանրապես մանկապարտեզ չի գործում, շենքային պայմաններն են անմխիթար, նախադպրոցական հաստատություններ են գործում նույնիսկ տնակներում, երբեմն էլ նախադպրոցական կրթական ծրագրերը իրականացվում են առանց լիցենզիայի, նյութատեխնիկական բազան է աղքատիկ, կադրերը չունեն մասնագիտական որակավորում եւ այլն: Սակայն մարզերում գոյություն ունեցող խնդիրներին դեռ ուղիղ համեմատական չէ պետական հոգածությունն ու ֆինանսական աջակցությունը:
Հենց այս թերացումների պատճառով էլ վերջերս ԿԳՆ կրթության պետական տեսչության՝ Վայոց ձորի մարզի 13 նախադպրոցական հաստատություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են բազում խախտումներ: www.armedu.am կայքում տեղադրված հաշվետվությունից պարզ է դառնում, որ այս մարզում 2008-2009-ին գործել է 17 մանկապարտեզ, իսկ այժմ՝ 13: Գետափի մանկապարտեզը չի գործում շենքի վթարային լինելու պատճառով, Եղեգիսի, Ռինդի, Գնդեվազի մանկապարտեզները փակվել են բյուջեի սղության պատճառով: Այսինքն՝ այս բնակավայրերում այժմ խախտվում է երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը: Իսկ Ազատեկ, Մարտիրոս, Հերհեր գյուղերի երեխաները դեռ 1996-ից չգիտեն՝ ինչ է մանկապարտեզը: Վայոց ձորի մարզում գործող մանկապարտեզները 1997-ից անցել են համայնքային ենթակայության տակ, բայց դրանք չունեն, օրինակ՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ, նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա, Վերնաշենի եւ Արփիի մանկապարտեզներից բացի, մյուսները չունեն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, այսինքն՝ դրանք կարող են հարկ եղած դեպքում նաեւ օտարվել:
Մանկապարտեզներում գոյություն ունեցող կոմունալ պայմանները եւս չեն փայլում: Նախադպրոցական հաստատությունների մեծամասնությունում ջրամատակարարումը գրաֆիկով է, իսկ Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզում ընդհանրապես այն չի իրականացվում, բացի այդ՝ մանկապարտեզն ունի հիմնանորոգման կարիք: Անհապաղ նորոգման կարիք ունեն նաեւ Գլաձորի, Արփիի, Վերնաշենի, Մալիշկայի թիվ 1, Զառիթափի մանկապարտեզները: Բարեկարգ են Ջերմուկի «Զատիկ», Վայքի թիվ 3 («Փրկեցեք երեխաներին» հիմնադրամի միջոցներով) եւ Աղավնաձորի մանկապարտեզները: Նախադպրոցական հաստատությունների մեծամասնությունում չկա բուժքրոջ հաստիք, բուժսենյակ, ուսումնադիդակտիկ նյութերի վրա նստած է ԽՍՀՄ վաղեմության փոշին, ուսուցման հաջորդականության եւ շարունակականության սկզբունքները հիմնականում չեն պահպանվում, շենքային անբարենպաստ պայմանները զուգակցվում են տնօրենի եւ այլ մասնագետների կողմից կրթադաստիարակչական գործընթացի թույլ վերահսկողությամբ եւ այլն: Արդյունքում՝ տուժում են երեխաները, որոնք ոչնչով չեն տարբերվում այն մանուկներից, որոնք Երեւանում հաճախում են, այսպես կոչված, «էլիտար» մանկապարտեզներ:
«Առավոտի» հետ զրույցում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն այս խնդիրների մասին ասաց. «Մեր առաջնային խնդիրն էր զբաղվել համայնքի ղեկավարների հետ հիմնականում լիցենզավորման, պետական գրանցման, պետական սեփականության վկայականների ձեռքբերման հարցերով: Այդ աշխատանքները հիմնականում ավարտված են»: Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ժամանակին այդ գործընթացները չեն կատարվել, անպայման պիտի ստուգեին, խախտումներ հայտնաբերեին՝ նո՞ր հարցը կարգավորվեր, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Դա ողջ հանրապետության, հատկապես գյուղական համայնքների խնդիրն է: Քանի որ լիցենզիայի, սեփականության վկայականի ձեռքբերման հետ կապված խնդիրները համայնքային ենթակայությամբ են լուծվում, համայնքապետերի անընդհատ փոփոխությունները, մանկապարտեզների՝ սեզոնային ռեժիմով աշխատելը երբեմն ձգձգում է այդ հարցերի լուծումը»: Իսկ այն խնդրի մասին, որ որոշ գյուղերում չկան մանկապարտեզներ, պարոն Ղազարյանն ասաց. «12-ամյա կրթությունը առանց նախադպրոցական հիմնարկների մեր թերությունն է: Մյուս կողմից էլ համայնքը պետական պարտքերի հավաքագրումից չի կարողանում գումարներ ստեղծել, նրան հատկացված գումարը այնքան չնչին է, որ ստիպված իր աշխատանքային ապարատն է կրճատել, այլ ոչ թե ապարատն ուռճացրել է, դրա համար էլ նախադպրոցական հիմնարկը չի պահում: Համայնքի ղեկավարների աշխատանքային կազմը 3-4 հոգի է, ինչի պատճառով չեն կարողանում տարիներով կուտակված պարտքերը հավաքագրել: ԿԳ նախարարի հանձնարարականով՝ մանկապարտեզներ չունեցող գյուղերի վերանորոգված դպրոցական շենքերում բացելու ենք մանկապարտեզի մեկ կամ երկու խումբ»: Փաստեցինք, որ Վայոց ձորի մարզում այս տարի էլ ամբողջությամբ չի վերանորոգվի որեւէ մանկապարտեզ: